Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը եվրոպացիներին կոչ է արել չթերագնահատել Ռուսաստանի ազդեցությունը մայրցամաքի տարբեր հասարակությունների վրա։ Այս մասին Մերցը նշել է Bloomberg-ի հետ հարցազրույցում։ Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հավակնությունները շատ ավելի հեռուն են գնում, քան ուկրաինական տարածքների բռնակցումը։ Մերցը նշել է, որ Կրեմլը փորձում է թուլացնել ժողովրդավարական ինստիտուտները, բաց հասարակությունները և եվրոպական ինտեգրումը։ Ուստի, ինչպես ընդգծել է Գերմանիայի ղեկավարը, ռուսական սպառնալիքն ազդում է Եվրոպայի ամբողջ քաղաքական համակարգի վրա։ Մերցը հայտարարել է, որ Գերմանիան իր եվրոպական գործընկերների և Եվրոպայից դուրս գտնվող երկրների հետ ստանձնել է Ուկրաինային ցուցաբերվող ռազմական աջակցության ֆինանսավորումը։ Նա ընդունել է, որ դա զգալի բեռ է դնում բյուջեների վրա, սակայն շեշտել է, որ օգնությունը պետք է շարունակվի մինչև պատերազմի ավարտը։ «Սա, իսկապես, մեծ բեռ է մեր բյուջեների համար. սա իսկապես կարևոր հարց է Եվրոպական միության համար», – ասել է Մերցը։



