Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է համաշխարհային առաջնորդներին երկրում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած համազգային ցույցերի շրջանակում տեղի ունեցած անկարգությունների և թալանի վերաբերյալ «հիմար» մեկնաբանություններ անելու համար։ Այս մասին հաղորդում է France 24 պարբերականը՝ նշելով, որ Մակրոնի խոսքերն, ակնհայտորեն, ուղղված են եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Մակրոնն ասել է, որ առաջնորդները քննադատում են Ֆրանսիային՝ իրենց երկրներում առաջիկա ընտրությունների համատեքստում։ Նրա խոսքով՝ այդ առաջնորդների վրա ազդեցություն են գործել անկարգությունների վերաբերյալ արհեստական բանականության (ԱԲ) միջոցով ստեղծված կեղծ տեսանյութերը։ «Տեղի է ունեցել տեղեկատվության արտաքին մանիպուլյացիա, որը հանգեցրել է շատերի, այդ թվում՝ օտարերկրյա առաջնորդների անընդունելի և նույնիսկ հիմար մեկնաբանությունների», – ասել է Մակրոնը Դոհայում լրագրողների հետ զրույցում։ Նա որևէ ղեկավարի անուն չի նշել, սակայն Իսրայելում խորհրդարանական ընտրություններ են նշանակված հոկտեմբերի 27-ին, իսկ ԱՄՆ-ում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին։ Մակրոնն ասել է, որ ընտրությունների քարոզարշավ անցկացնող առաջնորդները «երբեմն դյուրահավատորեն» կրկնել են ԱԲ-ի միջոցով ստեղծված նյութերը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հոկտեմբերի 20-ին հայտարարել է, որ Ֆրանսիան ենթարկվել է «ծայրահեղական իսլամի ներխուժմանը», իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «այն, ինչ տեղի է ունենում Ֆրանսիայում, կապված է ներգաղթի հետ»։ Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած իրադարձություններում «արտաքին միջամտություն» չի տեսնում։ Նրա խոսքով՝ եղել են ԱԲ-ի միջոցով ստեղծված պատկերներ, որոնք ցույց են տվել տեսարաններ, որոնք երբեք տեղի չեն ունեցել Ֆրանսիայում։ «Եղել են մարդիկ, որոնք բացատրել են, թե, իբր, մեզ մոտ «ներխուժել են միգրանտների և իսլամիստների հորդաները», ինչը լիովին կեղծ է», – հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։ Մակրոնն ասել է, որ հոկտեմբերի 22-ին կհանդիպի հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների, վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուի և այլ նախարարների հետ՝ հոկտեմբերի 17-ի անկարգությունների վերաբերյալ մանրամասն զեկույց ստանալու համար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16334

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով