Հարավային Կովկասում ազդեցության համար պայքարի կենտրոնում այժմ տարածաշրջանի հաղորդակցությունների վերահսկողությունն ու տնտեսական ապագան որոշելու իրավունքն են։ Մոսկվան փորձում է պահպանել Հարավային Կովկասի ապագայի վրա ազդելու իր հնարավորությունը։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունները վկայում են Հարավային Կովկասի քաղաքական օրակարգի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու Մոսկվայի ձգտման մասին։ Հոկտեմբերի 15-ին Բաքվում Լավրովն առաջարկեց «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում, իսկ դրան հաջորդողը՝ Երևանում։ Չորս օր անց Թեհրանում, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ համատեղ ասուլիսում, նա արդեն շեշտեց ձևաչափն առաջ մղելու հարցում Մոսկվայի և Թեհրանի համագործակցության կարևորությունը։ Հաջորդ հանդիպման վայրի և ժամկետի շուրջ նոր պայմանավորվածություն դեռևս չի հայտարարվել, սակայն ակնհայտ է տարածաշրջանային նախաձեռնությունը ռուս-իրանական համատեղ օրակարգ դարձնելու Մոսկվայի ձգտումը։ Մոսկվայի այս ակտիվությունն անմիջականորեն առնչվում է 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի պայմանավորվածություններին և TRIPP-ի առաջընթացին։ Հարավային Կովկասում ձևավորվում է ուժերի նոր դասավորություն՝ Հայաստանի տարածքում ամերիկյան երկարաժամկետ տնտեսական ներկայությամբ։ Տասնամյակներ շարունակ տարածաշրջանային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունը եղել է Մոսկվայի ազդեցության գլխավոր լծակներից մեկը։ Այժմ Ռուսաստանը կանգնած է այդ լծակը կորցնելու և տարածաշրջանի տնտեսական ապագայի որոշումներից դուրս մնալու հեռանկարի առաջ։ Բաքվում Լավրովը հիշեցրել էր նաև Հայաստանի երկաթուղիների ռուսական կոնցեսիայի մասին՝ միաժամանակ հայտնելով TRIPP-ին մասնակցելու Մոսկվայի պատրաստակամությունը։ Այս հայտարարություններն արտացոլում են Ռուսաստանի գլխավոր մտահոգությունը՝ պահպանել վերահսկողությունը Հայաստանի ռազմավարական ենթակառուցվածքների նկատմամբ և ազդեցություն ունենալ տարածաշրջանի տնտեսական նոր համակարգի ձևավորման վրա։ «3+3» ձևաչափը Մոսկվան դիտարկում է որպես տարածաշրջանային որոշումների վրա իր ազդեցությունը պահպանելու հնարավոր լծակ։ Ձևաչափը ներկայացվում է որպես տարածաշրջանի վեց պետությունների համագործակցության հարթակ, թեև Վրաստանը մինչ օրս հրաժարվել է մասնակցությունից։ Մոսկվայի համար այն հնարավորություն է վերականգնելու քաղաքական նախաձեռնությունը և Հարավային Կովկասի օրակարգի մշակումը վերադարձնելու իրեն ծանոթ միջավայր։ Իրանի շահագրգռվածությունն ունի սեփական պատճառները։ Թեհրանն առանձնակի զգայուն է իր հյուսիսային սահմանների, տարանցիկ ճանապարհների և ամերիկյան ներկայության ցանկացած ընդլայնման նկատմամբ։ Ռուս-իրանական շահերի այս համընկնումը կարող է վերածվել տարածաշրջանային նոր համակարգման։ Հայաստանի համար այստեղ անհրաժեշտ է քաղաքական բացառիկ զգոնություն։ Երևանն ունի բոլոր հարևանների հետ գործակցելու շահագրգռվածություն։ Իրանի հետ հարաբերությունների խորացումը կենսական նշանակություն ունի։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հաղորդակցությունների հաստատումը կարող է փոխել Հայաստանի տնտեսական հնարավորություններն ու անվտանգության միջավայրը։ Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ պահանջում են հետևողական, հաշվարկված քաղաքականություն։ Սակայն այս ուղղություններից յուրաքանչյուրն ունի իր ինքնուրույն օրակարգը, և դրանց զարգացումը պետք է բխի Հայաստանի ազգային շահերից։ Այս համատեքստում TRIPP-ը ռազմավարական նշանակություն ունի՝ փոխելով Հայաստանի տնտեսական հնարավորություններն ու տեղը տարածաշրջանային ուժերի հարաբերակցությունում։ Այն հնարավորություն է ստեղծում վերանայելու Հայաստանի տնտեսական աշխարհագրությունը, ներգրավելու նոր կապիտալ, տեխնոլոգիաներ և միջազգային գործընկերներ։ Վաշինգտոնի մասնակցությունը նաև մեծացնում է Հայաստանի ինքնուրույն որոշումների քաղաքական կշիռը։ Այստեղ է Լավրովի նախաձեռնության գլխավոր աշխարհաքաղաքական ենթատեքստը։ Մոսկվան փորձում է իր մասնակցությունն ապահովել տարածաշրջանային այն գործընթացներում, որոնց նկատմամբ նախկին վերահսկողությունն այլևս երաշխավորված չէ։ Երևանը պետք է պատրաստ լինի համագործակցության բոլոր առաջարկները գնահատել սեփական առաջնահերթությունների տեսանկյունից։ «3+3»-ին մասնակցությունը չի կարող ենթադրել Հայաստանի ինքնիշխան որոշումների սահմանափակում, երրորդ երկրների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների վերանայում կամ տարածաշրջանում որևէ պետության նախկին գերիշխանության վերականգնում։ Առաջիկա տարիները վճռորոշ են լինելու Հարավային Կովկասի համար։ Հայաստանը տասնամյակներ շարունակ ապրել է ուրիշների սահմանած աշխարհաքաղաքական կանոններով և դրա համար ծանր գին վճարել։ Այժմ պատմական հնարավորություն կա սեփական աշխարհագրությունը դարձնելու տնտեսական զարգացման, ինքնիշխանության և միջազգային ազդեցության աղբյուր։ Այդ հնարավորությունը չի կարելի կրկին հանձնել հին քարտեզների հեղինակներին։



