«Բենֆիկա» ակադեմիան Հայաստանում կունենա մարզադաշտ, 6 ֆուտբոլային խաղադաշտ և այլ ենթակառուցվածքներ

Հայաստանում պորտուգալական «Բենֆիկա» ֆուտբոլային ակումբի ակադեմիա հիմնելու աշխատանքներին նոր թափ է հաղորդել նախագծի ղեկավարների այցը Լիսաբոն։ Նախագծի ղեկավարները մեկնել են Լիսաբոն՝ ավելի խորությամբ ծանոթանալու «Բենֆիկա»-ի մեթոդաբանությանը։ Sport Lisboa e Benfica-ի և Football Investment Group-ի համագործակցության արդյունքում ստեղծված նախագծի մեկնարկը նախատեսված է 2027 թվականի ամռանը։ «Բենֆիկա Ակադեմիա Հայաստան»-ի հիմնադիր Ալֆրեդ Սադոյանը և տնօրեն Արթուր Ազարյանը ժամանել էին Պորտուգալիայի մայրաքաղաք՝ մասնակցելու աշխատանքային ծրագրի, որն ուղղված էր տեխնիկական վերապատրաստմանը, ինչպես նաև «Բենֆիկա»-ի մշակույթին ինտեգրվելուն։ Մի քանի օրվա ընթացքում նրանք հանդիպել են ակումբի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ՝ «Բենֆիկա»-ի տնային մարզադաշտ «Էշտադիու դա Լուշ»-ում և «Adidas Benfica Campus»-ում։ Այդ հանդիպումների նպատակն էր ավելի խորը պատկերացում կազմել այն աշխատաոճերի, կազմակերպչական սկզբունքների և արժեքների մասին, որոնք «Բենֆիկա»-ի երիտասարդ ֆուտբոլիստների զարգացման մոդելի հիմքում են։ «Բենֆիկա»-ի ակադեմիան Հայաստանում կունենա մարզադաշտ, վեց ֆուտբոլային խաղադաշտ և այլ բարձրակարգ ենթակառուցվածքներ՝ 4-17 տարեկան ավելի քան 1000 ֆուտբոլիստի ընդունելու համար։ Մարզական ծրագիրն ընդգրկելու է խաղի տարբեր մակարդակներ՝ սիրողական ֆուտբոլից մինչև մրցակցային թիմեր և էլիտար դիվիզիոններ՝ մարզիկներին ընձեռելով զարգացման այնպիսի հնարավորություններ, որոնք համապատասխանում են նրանց տարիքին, կարողություններին և անհատական հավակնություններին։ Այս կառուցվածքը տեղական մակարդակում կհետևի «Բենֆիկա»-ի զարգացման բուրգի տրամաբանությանը, որը միավորում է ֆուտբոլային դպրոցների ցանցը, մարզումային և զարգացման կենտրոնները, ինչպես նաև «Adidas Benfica Campus»-ը։ Նպատակն է ստեղծել հետևողական մարզումային ծրագիր, որում ակումբի մեթոդաբանությունը կիրառվում է երիտասարդ ֆուտբոլիստների զարգացման տարբեր փուլերում։ «Այսօր բոլորն ընդունում են, որ «Բենֆիկա»-ի երիտասարդական ակադեմիան, ինչպես նաև դրա կրթական ու մարզչական մեթոդները, աշխարհում լավագույնն են՝ շնորհիվ տաղանդի և ստեղծագործական ունակությունների զարգացմանը նրանց մոտեցման։ Մենք վստահ ենք, որ նույն սկզբունքներով աշխատանքը կիրականացվի նաև Հայաստանում»,- նշել է Ալֆրեդ Սադոյանը։ 2026 թվականի հուլիսին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և «Ֆուտբոլ ինվեսթմենթ գրուպ»-ը հայտարարել էին «Բենֆիկա Ակադեմիա Հայաստան» նախագծի մեկնարկի մասին, որի շրջանակում 2027-2028 մրցաշրջանից Երևանում իր գործունեությունը կսկսի Sport Lisboa e Benfica պորտուգալական հանրաճանաչ ակումբի պաշտոնական ակադեմիան։ Նշվում էր, որ նախագիծը կյանքի կկոչվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական կենտրոն-ակադեմիայի տարածքում, որի մի հատվածը ՀՖՖ-ն երկարաժամկետ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել է «Ֆուտբոլ ինվեսթմենթ գրուպ» ՍՊԸ-ին՝ «Բենֆիկա Ակադեմիա Հայաստան» նախագծի իրականացման նպատակով։ Այս որոշումը պայմանավորված է նախաձեռնության բացառիկ մասշտաբով և հայկական ֆուտբոլի զարգացման համար դրա ռազմավարական նշանակությամբ, ինչպես նաև այն փաստով, որ SL Benfica-ի ակադեմիան աշխարհի առաջատար ֆուտբոլային ակադեմիաներից մեկն է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16245

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով