Լիտվայի և Լեհաստանի պաշտպանության նախարարությունների համատեղ աշխատանքային խումբը հետաքննում է Ուկրաինայի անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպի պատճառները, որը Լեհաստանի տարածքով հատել է Լիտվայի սահմանը։ Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հոկտեմբերի 20-ին լրագրողներին հայտնել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։ «Լրացուցիչ տեղեկություններ կան, սակայն չէի ցանկանա առաջ անցնել իրադարձություններից։ Այս պահին պարզապես կարող եմ ասել, որ Լիտվայի ազգային պաշտպանության նախարարությունը և Լեհաստանի պաշտպանության նախարարությունը միջադեպը հետաքննելու նպատակով աշխատանքային խումբ են ձևավորել: Երբ ներկայացվեն հետաքննության պաշտոնական արդյունքները, կկարողանանք քննարկել, թե ինչ է տեղի ունեցել այդ օրը»,- ասել է Լիտվայի նախագահը։



