Դատարանը կարճել է Գևորգ Սարոյանին թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կարճել է Գևորգ եպիսկոպոս Սարոյանին (Արման Սարոյան) Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու հայցով քաղաքացիական գործի վարույթը։ Դատավոր Էդգար Հովհաննիսյանի հոկտեմբերի 21-ին հրապարակված որոշմամբ՝ վեճը ենթակա չէ քաղաքացիական դատավարության կարգով քննության, քանի որ Սարոյանի և Հայ առաքելական եկեղեցու միջև աշխատանքային հարաբերությունների առկայությունն ապացուցված չէ։ Դատական ակտը նախատեսված էր հրապարակել դեռ օգոստոսի 18-ին, սակայն այն հրապարակվել է ավելի քան երկու ամիս անց։ Սարոյանը պահանջում էր անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ հունվարի 10-ի կարգադրությունը, որով ազատվել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից։ Նրա պնդմամբ՝ որոշումն ընդունվել էր առանց նախազգուշացման, պատշաճ քննության և հիմնավոր պատճառների։ Մայր Աթոռը, իր հերթին, պնդել է, որ հոգևորականների նշանակումը, պաշտոնանկությունը և կարգալույծ հայտարարելը եկեղեցու ներքին կառավարման հարցեր են, որոնց նկատմամբ աշխարհիկ դատարանը վերահսկողություն իրականացնելու իրավասություն չունի։ Դատարանը, ուսումնասիրելով թեմի նախահաշիվները, Սարոյանի անձնական հաշվի քաղվածքն ու կատարված վճարումները, եզրակացրել է, որ դրանք բավարար չեն աշխատանքային հարաբերությունների առկայությունն ապացուցելու համար։ Գործով չեն ներկայացվել նաև աշխատանքային պայմանագիր կամ աշխատանքի ընդունումը հաստատող անհատական իրավական ակտ։ Միաժամանակ, դատարանն արձանագրել է, որ եկեղեցու ինքնակառավարման իրավունքը չի ազատում նրան սեփական կանոններն ու ներքին ընթացակարգերը պահպանելու պարտավորությունից։ Հոգևորականը պետք է հնարավորություն ունենա ներկայացնելու իր դիրքորոշումը և արդյունավետ պաշտպանելու իր իրավունքները։ Դատարանը, սակայն, ըստ էության չի քննել կաթողիկոսի կարգադրության օրինականությունը և չի գնահատել Սարոյանի պաշտոնանկության հիմնավորվածությունը։ Որոշմամբ վերացվել է նաև հունվարի 16-ին կիրառված հայցի ապահովման միջոցը, որով եկեղեցուն և այլ անձանց արգելվել էր խոչընդոտել Սարոյանի՝ որպես թեմի առաջնորդի գործունեությանը, այդ թվում՝ թեմի ֆինանսական միջոցների տնօրինմանը։ Դատական ակտը կարող է բողոքարկվել հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16912

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով