Կաթողիկոսի կամքը՝ անբողոքարկելի՞. եկեղեցական իշխանության վտանգավոր անձեռնմխելիությունը

Արմավիրի դատարանը հոկտեմբերի 21-ին կարճեց Գևորգ եպիսկոպոս Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու հայցով գործի վարույթը՝ արձանագրելով, որ նրա և Հայ առաքելական եկեղեցու միջև աշխատանքային հարաբերությունների առկայությունն ապացուցված չէ, իսկ վեճը ենթակա չէ քաղաքացիական դատավարության կարգով քննության։ Այս որոշումը Գևորգ եպսկ․ Սարոյանի և Գարեգին Բ-ի հակամարտությունից շատ ավելի խորքային խնդիր է վեր հանում. եկեղեցական բարձրագույն իշխանության հնարավոր կամայականություններից հոգևորականին պաշտպանելու ի՞նչ իրավական ճանապարհ կա, և ո՞վ կարող է վերանայել կաթողիկոսի միանձնյա հայեցողական որոշումը։ Փաստորեն, գործ ունենք մի համակարգի հետ, որում բարձրագույն հոգևոր իշխանության որոշումները վիճարկելու արդյունավետ մեխանիզմի բացակայությունը լուրջ հարցականի տակ է դնում հենց եկեղեցու ներսում արդարության և պատասխանատվության երաշխիքները։ Այս որոշումն առաջ է բերում սկզբունքային հարց. ո՞ւմ կարող է դիմել հոգևորականը, եթե կաթողիկոսի որոշմամբ զրկվում է պաշտոնից կամ հոգևոր աստիճանից, իսկ իր նկատմամբ կայացված որոշումը համարում է անհիմն ու կամայական։ Եկեղեցու ներսում կա՞ անկախ մարմին, որն իրավասու է քննել նման բողոքը և անհրաժեշտության դեպքում վերանայել անգամ կաթողիկոսի որոշումը։ Սարոյանի գործը վեր է հանում եկեղեցական կառավարման համակարգի ամենախոցելի խնդիրներից մեկը՝ բարձրագույն հոգևոր իշխանության նկատմամբ գործուն վերահսկողության և իրավական պաշտպանության հստակ մեխանիզմների բացակայությունը։ Մայր Աթոռը դատարանում պաշտպանել է եկեղեցու ինքնակառավարման իրավունքը՝ հղում անելով Սահմանադրությանը, ներպետական օրենսդրությանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերին։ Այդ իրավունքի կարևորությունը կասկածից վեր է։ Եկեղեցու անկախությունը պատմական ձեռքբերում է, սակայն եկեղեցական ինքնակառավարումը չի կարող մեկնաբանվել որպես կաթողիկոսի անձնական իշխանության անսահմանափակություն։ Դարավոր հաստատության հեղինակությունը հնարավոր չէ նույնացնել այն ղեկավարող անձի կամայական և միանձնյա որոշումների հետ։ Այդպիսի նույնացումը վտանգավոր է հենց եկեղեցու համար։ Հայ առաքելական եկեղեցին ազգային նշանակության հաստատություն է, որի ներքին ճգնաժամերը վաղուց դարձել են հանրային և քաղաքական կյանքի մաս։ Եկեղեցական կառավարման համակարգում հաշվետվողականության բացակայությունը հարվածում է նաև նրա հասարակական հեղինակությանը, խորացնում անվստահությունը և նպաստում ներքին հակամարտությունների քաղաքականացմանը։ Սարոյան եպիսկոպոսի գործն արդեն դրա օրինակն է։ Հունվարի 16-ին դատարանի կիրառած հայցի ապահովման միջոցից հետո նրա կարգալույծ հայտարարելու հանգամանքները քրեական հետապնդման հիմք են դարձել Գարեգին Բ-ի և ևս վեց բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ։ Այժմ քաղաքացիական գործի վարույթը կարճված է, հայցի ապահովման միջոցը՝ վերացված։ Սակայն այս որոշումն ինքնաբերաբար չի լուծում քրեական գործի իրավական ճակատագիրը։ Նախկին դատական որոշման կատարմանը ենթադրաբար խոչընդոտելու հարցը պահանջում է առանձին իրավական գնահատական։ Առավել ուշագրավ է դատարանի մեկ այլ արձանագրում։ Եկեղեցու ինքնակառավարումը ենթադրում է նաև սեփական կանոնների պահպանում, իսկ կարգապահական պատասխանատվության ենթարկվող հոգևորականը պետք է ունենա իր դիրքորոշումը ներկայացնելու և արդյունավետ պաշտպանվելու հնարավորություն։ Սա դատական որոշման կարևորագույն հատվածն է։ Դատարանը փաստացի մատնանշել է այն երաշխիքները, որոնց գործնական ապահովման հարցը շարունակում է անպատասխան մնալ։ Կաթողիկոսի որոշումները չեն կարող հիմնավորվել միայն նրա զբաղեցրած գահի հեղինակությամբ։ Հոգևոր իշխանության լեգիտիմությունը սնվում է նաև արդարությունից, վստահությունից, կանոնների հետևողական կիրառումից։ Այդ պայմաններում հնազանդության ուխտը կարող է ծառայել կամայական որոշումներն արդարացնելու և քննադատական ցանկացած ձայն լռեցնելու համար։ Սարոյանի գործով դատարանի որոշումը կարող է բողոքարկվել, սակայն դրանով չի լուծվում հիմնական խնդիրը։ Հայ եկեղեցին կարիք ունի անկախ ներքին ատյանի, ուր յուրաքանչյուր հոգևորական կկարողանա վիճարկել իր նկատմամբ կայացված որոշումը, ստանալ արդար քննություն և անհրաժեշտության դեպքում հասնել անգամ կաթողիկոսի որոշման վերանայմանը։ Առանց նման մեխանիզմի եկեղեցական արդարադատությունը մնում է բարձրագույն հոգևոր իշխանության հայեցողության ներքո։ Այս խնդիրը նաև պետական նշանակություն ունի. Հայ առաքելական եկեղեցու ներքին կայունությունն ու հեղինակությունն անմիջականորեն առնչվում են Հայաստանի ազգային շահերին և համահայկական միասնությանը։ Հայ առաքելական եկեղեցին համաշխարհային կառույց է՝ Սփյուռքում ազդեցիկ ներկայությամբ, պատմական և մշակութային բացառիկ ժառանգությամբ։ Նրա ներքին կառավարման ճգնաժամը թուլացնում է համահայկական հաստատության դիրքերը մի ժամանակաշրջանում, երբ հայկական համայնքները բախվում են ինքնության պահպանման, քաղաքական ազդեցության և անվտանգության նոր մարտահրավերների։ Պետությունն իր հերթին պարտավոր է հարգել եկեղեցու սահմանադրական ինքնուրույնությունը՝ միաժամանակ ապահովելով մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության իր պարտավորությունները։ Այս երկու սկզբունքների իրավական համադրությունը վաղուց հասունացած խնդիր է։ Ի վերջո, ի՞նչ է ստացվում։ Կաթողիկոսը կարող է պաշտոնանկ անել եպիսկոպոսին, իսկ վերջինս իր իրավունքների պաշտպանության գործուն ճանապարհ չունենալ։ Ներեկեղեցական անկախ բողոքարկման մեխանիզմի բացակայության պայմաններում աշխարհիկ դատարանի իրավասության մերժումը վտանգավոր նախադեպ է ստեղծում։ Եկեղեցուն այսօր անհրաժեշտ է լուծել ամենասկզբունքային հարցերից մեկը. կարո՞ղ է կաթողիկոսը սխալվել, և ո՞վ ունի այդ սխալն ուղղելու իրավասությունը։ Այս հարցի պատասխանը որոշելու է Հայ առաքելական եկեղեցու կառավարման ապագան։ Որևէ հաստատության հեղինակություն այնքան բարձր չէ, որ արդարադատությունն այնտեղ ավելորդ համարվի։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16912

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով