Ստեփանավան․ անպատժելիության քաղաքական հետևանքները

Ստեփանավանում հրապարակված կադրերը Հայաստանի քաղաքական կյանքի հին ու վտանգավոր հիվանդության նոր դրսևորումն են․ ընտրողի քվեն շարունակում է դիտարկվել որպես գնվող ապրանք, իսկ ժողովրդի իշխանությունը՝ փողով ձեռք բերվող սեփականություն։ Գրասեղանի տակից հանվող գումարներ, ընտրողների ցուցակներ, կանխիկի բաշխում։ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած նյութերը ծանր մեղադրանքի հիմք են դարձել։ «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը երկու ամսով կալանավորված է, ևս տասներեք անձ ներգրավված է քրեական վարույթում։ Կատարվածի նկատմամբ «Ուժեղ Հայաստանի» արձագանքն արժանի է առանձին գնահատականի։ Կուսակցությունը հրապարակված կադրերը բացատրում է գրասենյակային ծախսերով, ճանապարհածախսով ու մոնտաժի մասին պնդումներով՝ կատարվածը ներկայացնելով որպես քաղաքական հետապնդում։ Առավել մտահոգիչը հենց այս արձագանքն է։ Անգամ հրապարակված տեսանյութը կուսակցության ներսում պատասխանատվության հարց չի առաջացնում։ Ընտրողի քվեն գնելու ծանր կասկածը փորձում են խեղդել արդարացումներով, իսկ հնարավոր հանցագործության բացահայտումը՝ ներկայացնել որպես քաղաքական հետապնդում։ Այս հանդգնությունը հունիսյան համապետական ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումների նկատմամբ պետական մարմինների անհետևողականության արդյունքն է։ Ժամանակին համարժեք արձագանքի բացակայությունը քաղաքական անպատժելիության մթնոլորտ է ստեղծել, որի հերթական դրսևորումն այսօր տեսնում ենք Ստեփանավանում։ Այդ ընտրությունների առնչությամբ հրապարակված ընտրակաշառքի, ընտրողների կամքի վրա կազմակերպված ազդեցության և այլ խախտումների վերաբերյալ բազմաթիվ նյութերն ու հարուցված քրեական վարույթները պահանջում էին ամբողջական իրավական ընթացք և քաղաքական համարժեք գնահատական։ Հանրությունը պետք է տեսներ յուրաքանչյուր բացահայտված հանցավոր շղթայի հանգուցալուծումը՝ կազմակերպիչներից մինչև ֆինանսավորողներ ու անմիջական կատարողներ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նույնպես պարտավոր էր իր լիազորությունների ամբողջ ծավալով գնահատել ընտրական գործընթացի օրինականության վերաբերյալ կուտակված փաստերը։ Այդ ամբողջական պատասխանը հանրությունը չստացավ։ Արդյունքում ընտրակաշառքի ծանր կասկածների ներքո հայտնված քաղաքական ուժերը շարունակեցին իրենց սովորական գործունեությունը։ Նրանց ներկայացուցիչներն այսօր խորհրդարանի ամբիոնից խոսում են ժողովրդի անունից, վիճարկում իշխանության լեգիտիմությունն ու ներկայանում որպես ժողովրդավարության պաշտպաններ։ Պետության անհետևողականությունը նրանց հնարավորություն տվեց խուսափելու քաղաքական պատասխանատվությունից, իսկ հանրությանը թողեց ամենավտանգավոր հարցի առաջ՝ ի՞նչ արժեք ունի ընտրությունը, եթե հնարավոր է փողով քվե գնել և այդ քվեով հավակնել ժողովրդի իշխանությանը։ Ստեփանավանը հենց այդ անավարտ պատմության շարունակությունն է։ Իշխանության ներկայացուցիչներն այսօր պնդում են, որ «Ուժեղ Հայաստանն» առանց ընտրակաշառքի նույնիսկ չորս տոկոսանոց աջակցություն չի կարող ապահովել։ Եթե իշխանությունն իսկապես տիրապետում է նման տեղեկությունների, ապա ինչո՞ւ են դրանց շուրջ ծանր կասկածները մնացել առանց համարժեք հետևանքների, իսկ այդ քաղաքական ուժի ներկայացուցիչները շարունակում են խորհրդարանում հանդես գալ ժողովրդի անունից։ Սա արդեն պետության հետևողականության և ժողովրդի քվեն պաշտպանելու քաղաքական կամքի լուրջ փորձություն է։ Ընտրակաշառքը սովորական ընտրախախտում համարելը ժողովրդավարության հանդեպ վտանգավոր անլրջություն է։ Խոսքը ժողովրդի իշխանության յուրացման, զավթման փորձի մասին է։ Գնված քվեն դառնում է մանդատ, իսկ մանդատը՝ պետական որոշումների և հանրային միջոցների վրա ազդեցություն։ Ընտրողին տրված մի քանի հազար դրամով քաղաքական ուժը փորձում է ձեռք բերել ամբողջ հասարակության ճակատագիրը տնօրինելու իրավունք։ Այս ամենը Հայաստանի համար առանձնակի վտանգավոր է այսօր։ Երկիրը փորձում է ազատվել արտաքին կախվածություններից, վերակառուցել անվտանգության համակարգը և ամրապնդել կապերն Արևմուտքի հետ։ Այդ ճանապարհին Հայաստանի գլխավոր առավելություններից մեկը ժողովրդավարական լեգիտիմությունն է։ Փողով ձեռք բերված մանդատը խարխլում է այդ հիմքը և քաղաքական համակարգը դարձնում խոցելի նաև արտաքին ազդեցությունների համար։ Իր քաղաքացիների ազատ կամքը պաշտպանել չկարողացող պետությունը դժվարությամբ կարող է պաշտպանել սեփական ինքնիշխանությունը։ Ստեփանավանի գործը պետք է քննվի մինչև վերջ՝ պարզելով գումարների ծագումը, հնարավոր ֆինանսավորողներին, կազմակերպիչներին ու շահառուներին։ Նույն խստությամբ պետք է քննվեն վարչական ռեսուրսի չարաշահման և քաղաքական ճնշումների վերաբերյալ ահազանգերը։ Մեղավորությունը որոշում է դատարանը, իսկ օրենքի առաջ բոլորի հավասարությունը պետք է ապահովի պետությունը։ Հայաստանը ծանր գին է վճարել ընտրակաշառքի, ընտրակեղծիքների և մարդկանց աղքատությունը իշխանության հասնելու միջոց դարձնելու համար։ Այդ անցյալը վերադառնալու վտանգ ունի՝ արդեն նոր կուսակցական անուններով։ Ստեփանավանի ամենամտահոգիչ հանգամանքը հենց ընտրակաշառքի նկատմամբ բացահայտվող քաղաքական հանդուրժողականությունն է։ Տարիներով անպատիժ մնացած արատն այսօր կրկին հավակնում է դառնալ ընտրապայքարի ընդունված գործելակերպ։ Ժողովրդի անունից իշխանություն ստանալու իրավունքը փողով չեն գնում։ Գնված քվեն խաթարում է ընտրության ազատությունը, իսկ դրանով ձեռք բերված մանդատը՝ ժողովրդի իշխանության օրինականությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16758

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով