Հայաստանը վերազինվում է, Ադրբեջանը՝ շարունակում մեծացնել իր ռազմական առավելությունը, իսկ տարածաշրջանի անվտանգության նախկին համակարգը դեռ հույս ունի վերադարձնել Երևանին իր ազդեցության դաշտ։ Սուրեն Պապիկյանը Չեխիայում ազդարարում է ԷԼ 39 Սկայֆոքս ուսումնամարտական ինքնաթիռների առաջիկա մատակարարման մասին։ Բայց նույն Չեխիան տևական ռազմատեխնիկական համագործակցություն ունի Ադրբեջանի հետ և ընդամենը շաբաթներ առաջ Բաքվի հետ նոր համաձայնագիր է ստորագրել։ Միաժամանակ հայտնի է դառնում Իսրայելից Ադրբեջանին 235 միլիոն դոլարի հրթիռային համակարգերի մատակարարման նոր գործարքի մասին։ Իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարում է, թե Հայաստանը ժամանակի ընթացքում կարող է վերանայել իր դիրքորոշումը կազմակերպության նկատմամբ։ Այս զարգացումները մեզ կանգնեցնում են սկզբունքային հարցի առջև. Հայաստանը պարզապես փոխո՞ւմ է սպառազինության մատակարարներին, թե՞ կառուցում է որակապես նոր պաշտպանական համակարգ։ Որքանո՞վ են մեր ռազմական ձեռքբերումները փոխում ուժերի իրական հարաբերակցությունը, և ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի նոր պատերազմը Ադրբեջանի համար դառնա անընդունելիորեն թանկ որոշում։ Այս մասին զրուցում ենք ռազմական վերլուծաբան, APRI Armenia-ի ավագ գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



