Երուսաղեմի հայ համայնքի դեմ շարունակվող հարձակումներին արձագանքել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը։ Երուսաղեմի Հայ դատի հանձնախմբի դիմումին ի պատասխան՝ նա դատապարտել է բռնությունները և խոստացել գործադրել իրեն հասանելի բոլոր միջոցները՝ նոր միջադեպերը կանխելու համար։ Հայկական թաղամասում տեղի ունեցած հարձակումներն արդեն հասել են երկրի բարձրագույն քաղաքական մակարդակ։ Այժմ համայնքը սպասում է հստակ քայլերի, որոնք կապահովեն բնակիչների անվտանգությունն ու վերջ կդնեն բռնարարքների կրկնությանը։ Օգոստոսի 2-ի գիշերը վեց կրոնավոր հրեա երիտասարդներ հարձակվել էին Հայոց պատրիարքարանի Սրբոց Հակոբյանց վանական համալիրի վրա։ Նրանք թքել էին սրբավայրի մուտքին, քարեր նետել համալիրի և հայկական բնակելի տների ուղղությամբ։ Միջադեպը նկարահանող հայ կնոջ հասցեին հնչել էին սեռական բնույթի վիրավորանքներ։ Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել էր վեց կասկածյալի, որոնցից հինգը անչափահաս էին։ Երեքը հետագայում ազատ էին արձակվել սահմանափակող պայմաններով, այդ թվում՝ Հին քաղաք մուտք գործելու 15-օրյա արգելքով։ Օգոստոսի 4-ին Երուսաղեմի Հայ դատի հանձնախումբը հրապարակային դիմել էր Հերցոգին՝ պահանջելով դատապարտել բռնարարքները և ապահովել մեղավորների պատասխանատվությունը։ Հայկական կողմը մատնանշել էր տարիներով շարունակվող հետապնդումների ու ահաբեկման մթնոլորտը։ Օգոստոսի 30-ին իսրայելական ոստիկանությունը հաղորդեց Սրբոց Հակոբյանց տաճարի ուղղությամբ թքելու կասկածանքով ևս չորս անձի ձերբակալության մասին։ Կրկնվող միջադեպերն արդեն ինքնին հարցականի տակ են դնում կանխարգելման գործող համակարգի արդյունավետությունը։ Հոկտեմբերի 21-ին հրապարակված նամակում Հերցոգը հավաստիացրել է, որ հարձակումների հեղինակները չեն ներկայացնում Իսրայելի հասարակությունն ու նրա արժեքները։ Նախագահը հատուկ ընդգծել է հայերի պատմական ներկայությունը Երուսաղեմում՝ համայնքին բնութագրելով որպես Հին քաղաքի հրեա բնակչության վաղեմի և արժեքավոր հարևան։ Նախագահական արձագանքն ուշագրավ է նաև հայկական թաղամասի շուրջ խորացող լարվածության պայմաններում։ «Կովերի պարտեզի» տարածքի վիճահարույց երկարաժամկետ վարձակալության գործարքը տարիներ շարունակ դիմադրություն է առաջացնում տեղի հայերի շրջանում։ Համայնքը պայքարում է իր պատմական տարածքի, սեփականության և բնակության միջավայրի պահպանման համար։ Կրոնական հողի վրա հարձակումներն այս իրավիճակում խորացնում են մարդկանց անպաշտպանության զգացումը։ Հերցոգի նամակը քաղաքական կարևոր արձանագրում է, սակայն դրանում հրապարակված չեն անվտանգության ապահովման նոր միջոցառումներ, ոստիկանությանն ուղղված կոնկրետ հանձնարարականներ կամ հարձակումների գործերով դատավարական արդյունքներ։ Պատասխանատվության խնդիրը շարունակում է մնալ օրակարգում։ Ձերբակալությունների մասին ոստիկանության հաղորդագրությունները դեռ չեն պատասխանում առանցքային հարցերին։ Քանի՞ գործ է հասել դատարան, քանի՞ մեղադրյալ է պատասխանատվության ենթարկվել, և ի՞նչ է արվել կրկնվող ոտնձգությունները կանխելու համար։ Այս հարցերն այժմ ուղղված են նաև Իսրայելի նախագահին։ Նրա հրապարակային հանձնառությունը բարձրացրել է պետական պատասխանատվության նշաձողը։ Երուսաղեմի հայկական թաղամասը քաղաքի բազմադարյա պատմության կենդանի վկայությունն է։ Այդ ժառանգության պահպանումը պահանջում է իրավական պաշտպանություն, հետևողական իրավապահ աշխատանք և բնակիչների անվտանգության իրական երաշխիքներ։ Հերցոգի նամակի արժեքը, ի վերջո, որոշվելու է դրա գործնական հետևանքներով։ Հերցոգի արձագանքին նախորդել էր ամերիկյան բարձրաստիճան պատվիրակության այցը Երուսաղեմի Հայոց պատրիարքարան։ Հոկտեմբերի 17-ին ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռայլի Բարնսը և Սուրբ Աթոռում ԱՄՆ դեսպան Բրայան Բըրչը հանդիպել էին Նուրհան պատրիարքին։ Օրակարգում եղել էին հայկական պատրիարքարանի գույքային խնդիրները, քրիստոնյա հոգևորականների նկատմամբ ծայրահեղականների ոտնձգություններն ու համայնքների անվտանգությունը։ Հատկանշական է, որ Բարնսը հոկտեմբերի սկզբին այցելել էր Հայաստան և հանդիպել արտգործնախարար Արարատ Միրզոյանին։ ԱՄՆ-ի դիվանագիտական ուշադրությունն ու Հերցոգի արձագանքը հնարավորություն են ստեղծում Երուսաղեմի հայ համայնքի անվտանգության հարցը հասցնելու գործնական լուծումների։ Այժմ անհրաժեշտ են հստակ քայլեր՝ կանխելու նոր հարձակումները, ապահովելու մեղավորների պատասխանատվությունը և պաշտպանելու հայ համայնքի իրավունքներն ու պատմական ժառանգությունը։



