Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Կողմերը հաստատել են երկու երկրի հարաբերություններն ամրապնդելու իրենց հանձնառությունը։ Հեռախոսազրույցի մասին X-ում առանձին գրառումներ են արել ինչպես Նեթանյահուն, այնպես էլ Մոդին։ «Մենք քննարկեցինք երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան և վերահաստատեցինք մեր հանձնառությունը՝ հետագայում ևս ամրապնդելու մեր գործընկերությունը։ Մենք նաև մտքեր փոխանակեցինք Արևմտյան Ասիայում տեղի ունեցող վերջին զարգացումների շուրջ և ընդգծեցինք տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգնման հրատապ անհրաժեշտությունը»,- նշված է Մոդիի գրառման մեջ։ Հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում վարչապետներն անդրադարձել են նաև ահաբեկչության դեմ պայքարին։ «Զրուցեցի իմ ընկերոջ՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ և հրավիրեցի նրան Իսրայելի անկախության օրը հնդիկ քաջ օդաչուի հետ միասին վառելու ջահը։ Մոդին շնորհակալություն հայտնեց հրավերի համար և նշեց, որ թե՛ ցամաքում, թե՛ օդում Հնդկաստանն ու Իսրայելը միասին են պայքարում ահաբեկչության դեմ։ Նա նաև բարձր գնահատեց մեր միջև առկա ամուր և տասնամյակների պատմություն ունեցող կապերը», – նշված է Նեթանյահուի գրառման մեջ։



