Հայաստանի անկախության գինը՝ Մոսկվայի տնտեսական սպառնալիքների ներքո

Մոսկվան Հայաստանին ներկայացրել է իր ազդեցության գոտուց հեռանալու հնարավոր հաշիվը։ Եվրասիական տնտեսական միության անդամակցության հնարավոր կասեցման վերաբերյալ զեկույցում կանխատեսվում է ՀՆԱ-ի 15,6 տոկոս անկում, ԵՏՄ-ի հետ ապրանքաշրջանառության 56 տոկոս կրճատում, գազի 69 տոկոս թանկացում և հայ աշխատանքային միգրանտների պայմանների խստացում։ Այս թվերի քաղաքական նշանակությունը գերազանցում է դրանց տնտեսական բովանդակությունը։ Տասնամյակներով ձևավորված կախվածությունն այսօր Հայաստանին ներկայացվում է որպես սեփական ապագան ինքնուրույն տնօրինելու հնարավոր հետևանքների մասին նախազգուշացում։ Նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը Մոսկվայի տնտեսական կանխատեսումներին արձագանքեց կարճ՝ «Կապրենք, կտեսնենք»։ Վարչապետը վերահաստատեց Հայաստանի անկախությունը պաշտպանելու, տնտեսությունը զարգացնելու և արտաքին կապերը բազմազանեցնելու հանձնառությունը։ Սակայն Մոսկվայի ներկայացրած տնտեսական սպառնալիքներն արդեն պահանջում են քաղաքական հայտարարություններից անցնել գործնական քայլերի։ Հայաստանին անհրաժեշտ է սեփական հաշվարկներով հիմնավորված հստակ ծրագիր, որը կապահովի երկրի տնտեսական դիմակայունությունը և անկախ քաղաքականություն վարելու իրական հնարավորությունը։ Առավել ուշագրավ է գազի գնի վերաբերյալ կանխատեսումը։ Զեկույցը գործող 177,5 դոլարի փոխարեն դիտարկում է հազար խորանարդ մետրի դիմաց 300 դոլար գին։ Այս հաշվարկն արդեն դուրս է գալիս զուտ տնտեսական կանխատեսման շրջանակից։ Գազի գինը նաև քաղաքական որոշման արդյունք է, հետևաբար Մոսկվան փաստացի նախազգուշացնում է այնպիսի հետևանքների մասին, որոնց առաջացման վրա ինքն ունի անմիջական ազդեցություն։ Սա է զեկույցի ամենախոսուն հանգամանքը. Հայաստանի հնարավոր տնտեսական կորուստների հաշվարկում արդեն իսկ նշմարվում են Ռուսաստանի քաղաքական ճնշման գործիքները։ Այս հարցը կարևոր է նաև ԵՏՄ-ի մյուս անդամների համար։ Տնտեսական միությունը, որի ստեղծման հիմնավորումներից մեկը անդամ երկրների բարեկեցության աճն էր, այսօր կանգնած է իր իսկ հռչակած սկզբունքների քննության առաջ։ Հայաստանի քաղաքական ինքնուրույնության յուրաքանչյուր դրսևորում տնտեսական պատժի ենթարկելու սպառնալիքը հարվածում է այդ կառույցի նկատմամբ վստահությանը։ Այս զարգացումների ակունքները հասնում են 2013 թվականի սեպտեմբերի 3։ Անվտանգության հարցում Ռուսաստանից կախվածությունը Հայաստանին ստիպեց Մոսկվայի ճնշման ներքո հրաժարվել Եվրամիության հետ ասոցացումից և անդամակցել Մաքսային միությանը։ Հաջորդ տասնամյակը բացահայտեց այդ ընտրության իրական գինը։ 2020 թվականի պատերազմը, 2021–2022 թվականներին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ռազմական ոտնձգությունները և 2023 թվականի արցախահայերի բռնի տեղահանությունը վերջնականապես խարխլեցին ՌԴ անվտանգության երաշխիքների նկատմամբ վստահությունը։ Հայաստանը կրեց աշխարհաքաղաքական կախվածության ծանրագույն հետևանքները, իսկ անվտանգությունը, որի ակնկալիքով կատարել էր իր պատմական ընտրությունը, այդպես էլ չստացավ։ Այս ծանր իրադարձությունները Հայաստանին ստիպեցին վերանայել արտաքին քաղաքականության հիմքերը և փնտրել անվտանգության ու զարգացման նոր ուղիներ։ Եվրոպական ինտեգրումը, Միացյալ Նահանգների հետ ռազմավարական հարաբերությունների զարգացումը, TRIPP-ի իրականացումը և տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնումը Հայաստանի համար ստեղծում են աշխարհատնտեսական նոր հեռանկար։ Դրանց հաջողությունը կարող է էապես նվազեցնել մեկ ուղղությունից կախվածությունը՝ փոխելով Հայաստանի դիրքը տարածաշրջանային տնտեսության մեջ։ Սակայն այս հեռանկարի իրագործումը պահանջում է հետևողական պետական քաղաքականություն։ Ռուսական շուկայից Հայաստանի տնտեսական կախվածությունը դեռևս զգալի է, և հնարավոր սահմանափակումների հետևանքները անմիջապես կզգան արտադրողները, արտահանողներն ու հազարավոր ընտանիքներ։ Ուստի անկախ քաղաքականություն վարելու Հայաստանի կարողությունը պետք է ամրապնդվի տնտեսական դիմակայունությամբ, նոր շուկաներով և կախվածությունը նվազեցնող գործնական քայլերով։ Հետևաբար կառավարության առաջնահերթությունը պետք է լինի սեփական հակազեկույցի հրապարակումը։ Հանրությունը պետք է տեսնի իրական ռիսկերի հաշվարկը, ռուսական շուկայի այլընտրանքները, գազի հնարավոր թանկացման ազդեցությունը, արտահանման վերակողմնորոշման ծախսերը և միգրանտների վերադարձի դեպքում զբաղվածության հնարավորությունները։ Անհրաժեշտ է ներկայացնել անցումային շրջանի ֆինանսավորման հստակ ճանապարհային քարտեզ՝ միջազգային գործընկերների մասնակցությամբ։ Եվրոպական ինտեգրման օգտին հավաքված 50 հազար ստորագրությունները վկայում են Հայաստանի ապագայի վերաբերյալ հասարակական հստակ պահանջի մասին։ Այդ ընտրությունը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է ամուր տնտեսական հիմք։ Եվրոպական հեռանկարի հաջողությունը մեծապես կախված է արդյունաբերության արդիականացումից, էներգետիկ անկախության ամրապնդումից և նոր ենթակառուցվածքների զարգացումից։ Հենց այս ուղղություններով ձեռք բերված արդյունքներն են ապահովելու Հայաստանի եվրոպական ընթացքի կայունությունն ու անշրջելիությունը։ Մոսկվայի ներկայացրած թվերը բացահայտում են նաև Ռուսաստանի քաղաքական մտադրությունների տրամաբանությունը։ Տասնամյակներով ձևավորված տնտեսական կախվածությունն այսօր կարող է ծառայել Հայաստանի ինքնուրույն ընտրությունը սահմանափակելուն։ Ակնհայտ է, որ Մոսկվան դժվարությամբ է հաշտվում տարածաշրջանում իր երբեմնի ազդեցությունը կորցնելու հեռանկարի հետ։ Հայաստանի պատասխանը պետք է համապատասխանի պատմական այս պահի լրջությանը։ «Կապրենք, կտեսնենք»-ը վստահություն է արտահայտում ընտրված ուղու նկատմամբ։ Սակայն այդ վստահությունը պետք է ամրապնդվի տնտեսական հստակ ռազմավարությամբ, որը Հայաստանին հնարավորություն կտա ինքնուրույն որոշումներ կայացնել՝ առանց արտաքին ճնշումների հետևանքներից կաշկանդվելու։ Հայաստանն այսօր առերեսվում է տասնամյակներով կուտակված կախվածության հետևանքներին։ Դրանց հաղթահարումը պահանջում է համարձակ որոշումներ, հետևողական աշխատանք և երկարաժամկետ պետական մտածողություն։ Ի վերջո, անկախության ամենակարևոր ձեռքբերումը սեփական ապագան տնօրինելու կարողությունն է։ Հայաստանը պետք է հասնի այն հանգրվանին, երբ իր քաղաքական ընտրության գինը Մոսկվայում հաշվարկելու հնարավորությունն այլևս որևէ մեկին ազդեցության լծակ չի տա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16477

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով