Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկրի անվտանգության ղեկավարների հետ իրավիճակի գնահատում է անցկացրել և հրամայել անհապաղ փակել Հեբրոնը և նախապատրաստվել Արևմտյան ափի լիակատար շրջափակմանը ՀԱՄԱՍ-ի կողմից կրակոցների արձակումից հետո։ Այս մասին Նեթանյահուն նշել է X-ում գրառման մեջ։ «Քիչ առաջ ես իրավիճակի գնահատում անցկացրի պաշտպանության նախարարի, Գլխավոր շտաբի պետի, «Շին Բեթ»-ի (Ընդհանուր անվտանգության ծառայության) ղեկավարի, Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի և Կենտրոնական հրամանատարության հրամանատարի հետ։ Ես բարձր եմ գնահատում մեր հերոս մարտիկներին, որոնք վճռականություն դրսևորեցին և կանխեցին խոշոր ահաբեկչական հարձակումը, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում», – նշել է նա գրառման մեջ։ Նեթանյահուն հայտարարել է, որ հրամայել է Իսրայելի պաշտպանության բանակին (ԻՊԲ) անհապաղ շրջափակել Հեբրոն քաղաքը: «Ես հրահանգել եմ ԻՊԲ-ին և անվտանգության ուժերին՝ անհապաղ փակել Հեբրոն քաղաքը, ինչպես նաև այսօրվանից նախապատրաստվել ամբողջական լոքդաունի (խմբ.՝ մեկուսացման) Հրեաստանում և Սամարիայում (խմբ․՝ Արևմտյան ափ)», – նշել է Նեթանյահուն։ «Մենք հետապնդելու ենք ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին և նրանց հրահանգ տվողներին ամենուր և միշտ։ Ձեզ համար ապահով ապաստան չկա», – հավելել է նա։



