«Ռոսատոմի» ընտրությունը կարող է Հայաստանին մեկ դարով պահել Մոսկվայի ազդեցության ներքո

Հայաստանի նոր ատոմակայանի ընտրությունը կարող է տասնամյակներով կանխորոշել երկրի էներգետիկ անվտանգությունը, տնտեսական զարգացման հեռանկարներն ու արտաքին քաղաքական ինքնուրույնության սահմանները։ Ատոմակայանը կառուցվում է մի քանի սերունդների համար, իսկ դրա շուրջ ստանձնած պարտավորությունները կարող են տասնամյակներով սահմանափակել պետության ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունը։ Հոկտեմբերի 22-ին հրապարակված Bellona-ի վերլուծությունը Հայաստանի իշխանություններին զգուշացնում է նոր ատոմակայանի ընտրության երկարաժամկետ ռազմավարական վտանգների մասին։ Միջուկային անվտանգության փորձագետ Ալեքսանդր Նիկիտինի գնահատմամբ՝ «Ռոսատոմի» ընտրությունը կարող է Հայաստանին գրեթե մեկ դարով պահել ռուսական էներգետիկ կախվածության մեջ՝ ամրապնդելով Մոսկվայի քաղաքական ազդեցությունը։ Այս զգուշացումը հատկապես կարևոր է Հայաստանի վերջին տարիների զարգացումների համատեքստում։ Հայաստանն արդեն զգացել է Ռուսաստանից ռազմավարական կախվածության ծանր հետևանքները։ Անվտանգությունը, սահմանների պաշտպանությունը, գազամատակարարումն ու երկաթուղին տասնամյակներ շարունակ գտնվել են Մոսկվայի ազդեցության ներքո։ Վերջին տարիների ճգնաժամերը բացահայտել են այդ համակարգի վտանգները։ Նոր ատոմակայանի ընտրությամբ Հայաստանը կարող է ևս մեկ դարով երկարաձգել նույն կախվածությունը։ Սեպտեմբերի 29-ին «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է շուրջ 1000 ՄՎտ հզորությամբ ռուսական ռեակտորի առաջարկը։ Կառավարությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Միաժամանակ, էլեկտրաէներգիայի սպառման նոր կանխատեսումները, մասնավորապես՝ խոշոր տեխնոլոգիական ներդրումների հեռանկարը, իշխանություններին ստիպել են վերանայել փոքր մոդուլային ռեակտորների վերաբերյալ նախկին հաշվարկները։ Սակայն 1000 ՄՎտ հզորությամբ մեկ ռեակտորի ընտրությունը մասնագիտական լուրջ քննարկման կարիք ունի։ Հայաստանի համեմատաբար փոքր էներգահամակարգում այդպիսի հզորության հանկարծակի անջատումը կարող է վտանգել ամբողջ ցանցի կայունությունը։ Նիկիտինն առանձնացնում է նաև Հայաստանի սեյսմիկ առանձնահատկությունները և առաջարկում ուսումնասիրել մի քանի փոքր մոդուլային ռեակտորների կառուցման հնարավորությունը։ Առաջարկն ունի նաև կարևոր քաղաքական տրամաբանություն։ Մի քանի արտադրական կենտրոնների, տեխնոլոգիաների և միջազգային գործընկերների ներգրավմամբ Հայաստանը կարող է ձևավորել ավելի ճկուն էներգետիկ համակարգ՝ նվազեցնելով մեկ մատակարարից կախվածության վտանգը։ Ատոմակայանի շահագործման մեկնարկով մատակարարից կախվածությունը չի ավարտվում։ Վառելիքի մատակարարումը, տեխնիկական սպասարկումը, սարքավորումների փոխարինումը, մասնագետների պատրաստումն ու միջուկային թափոնների կառավարումը տասնամյակների պարտավորություններ են ստեղծում։ Այդ ամբողջ համակարգի նկատմամբ վերահսկողությունը մատակարար պետությանը տալիս է Հայաստանի վրա երկարաժամկետ ազդեցության լուրջ լծակներ։ Ռուսաստանը տասնամյակներ շարունակ էներգետիկ կախվածությունն օգտագործել է որպես քաղաքական ազդեցության լծակ։ Եվրոպական երկրներն այսօր մեծ ջանքեր են գործադրում խորհրդային նախագծման ռեակտորների համար ռուսական միջուկային վառելիքին այլընտրանք գտնելու ուղղությամբ։ Հայաստանի համար սա կարևոր դաս է. մեկ մատակարարից կախվածությունը հեշտ է հաստատել, սակայն դրանից ազատվելը տարիներ, հսկայական միջոցներ և քաղաքական կամք է պահանջում։ Հայաստանը դեռ հնարավորություն ունի նոր ատոմակայանի ընտրությամբ խուսափելու տասնամյակների կախվածության հերթական թակարդից։ Այս առումով կառավարությունը պետք է լրջորեն քննարկի միջազգային կոնսորցիում ստեղծելու հնարավորությունը։ Ամերիկյան, ֆրանսիական, հարավկորեական և այլ գործընկերների ներգրավումը Հայաստանին թույլ կտա ընդլայնել տեխնոլոգիաների, ֆինանսավորման, միջուկային վառելիքի և սպասարկման ընտրության հնարավորությունները։ Յուրաքանչյուր առաջարկ, սակայն, պետք է անցնի ֆինանսական և անվտանգության մանրակրկիտ գնահատում։ Փոքր մոդուլային ռեակտորների բազմաթիվ նախագծեր դեռ չեն հասել առևտրային լայն կիրառության փուլին։ Հայաստանի էներգետիկ ապագան չի կարելի կառուցել չստուգված խոստումների վրա։ Մեծամորի ատոմակայանի շահագործման երկարաձգումը մինչև 2036 թվականը, հնարավոր է՝ նաև 2046-ը, Հայաստանին ժամանակ է տալիս հանգամանորեն նախապատրաստելու անցումը նոր էներգետիկ համակարգի՝ հաշվի առնելով երկրի անվտանգության և անկախության երկարաժամկետ շահերը։ Հայաստանի համար էներգետիկան միշտ եղել է պետական անվտանգության կենսական հարց։ 1990-ականների մութ ու ցուրտ տարիներից հետո Մեծամորի վերագործարկումը վճռական դեր ունեցավ երկրի տնտեսական վերականգնման գործում։ Այդ որոշումը թելադրված էր երկրի գոյատևման հրատապ անհրաժեշտությամբ։ Այսօր նոր ատոմակայանի ընտրությունը պետք է ծառայի Հայաստանի անկախության ամրապնդմանը և առաջիկա հարյուր տարվա ազգային-պետական շահերին։ Նոր ատոմակայանի ընտրությունը պետք է դառնա Հայաստանի ամենաթափանցիկ ռազմավարական որոշումներից մեկը։ Հանրությունը պետք է իմանա յուրաքանչյուր առաջարկի ամբողջական ֆինանսական արժեքը, անվտանգության երաշխիքները, վառելիքի մատակարարման պայմանները, տեխնոլոգիական սահմանափակումներն ու պետության ստանձնելիք երկարաժամկետ պարտավորությունները։ Էներգետիկ ինքնիշխանությունը Հայաստանի ազգային անվտանգության կարևորագույն հիմքերից է։ Անհնար է ամրապնդել երկրի քաղաքական անկախությունը՝ գալիք սերունդների էներգետիկ ապագան կրկին կախման մեջ դնելով մեկ պետությունից։ Նոր ատոմակայանի ընտրությամբ Հայաստանը որոշելու է իր անկախության սահմանները գրեթե մեկ դար առաջ։ Այս որոշման հետևանքներով ապրելու են նաև հաջորդ սերունդները։ Սխալվելու իր ավունք չունենք։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16668

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով