Իրանի վրա նոր հարձակումը կհանգեցնի պատերազմի տարածման․ Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հոկտեմբերի 23-ին նախազգուշացրել է, որ Իրանի վրա նոր հարձակումը կհանգեցնի պատերազմի սրման և հակամարտության տարածման ամբողջ տարածաշրջանում։ «Իրանին ռազմական միջամտությունը ոչ մի դեպքում լուծում չէ։ Այս պահին ոչ ոք դրան չի աջակցում»,- հայտարարել է Ֆիդանը Ստամբուլում կայացած R4+E3 ձևաչափով երկրների հանդիպումից հետո։ Այս ձևաչափով հանդիպումն առաջին անգամ է անցկացվել։ Հաղորդումների համաձայն՝ ԱՄՆ-ն և Իսրայելը ծրագրեր են մշակել Իրանի ուղղությամբ նոր հարվածներ հասցնելու համար՝ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո։ Փետրվարի վերջին սկսված պատերազմը դեռևս կարգավորված չէ, չնայած հրադադարի հաստատմանը և փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը, որով նախատեսվում էր շարունակել խաղաղության համաձայնագրի մշակման աշխատանքները։ Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին՝ Ֆիդանը նշել է. «Կա՛մ պատերազմը պետք է դադարեցվի, կա՛մ, եթե ռազմական գործողությունները շարունակվում են, կողմերը պետք է պայմանավորվեն էներգետիկայի և հացահատիկի ոլորտների վերաբերյալ բացառությունների շուրջ»։ R4 մեխանիզմը ստեղծվել է Թուրքիայի, Եգիպտոսի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի կողմից՝ տարածաշրջանային պատասխանատվության սկզբունքի հիման վրա։ Դրա նպատակն է նպաստել երկարաժամկետ կայունության ապահովմանն ու տարածաշրջանային հարցերի շուրջ երկխոսության ամրապնդմանը։ E3 ձևաչափը միավորում է Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։ Այն ձևավորվել է 2003 թվականին Իրանի միջուկային ծրագրի շուրջ սկսված եռակողմ դիվանագիտական համագործակցության հիման վրա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16912

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով