Պուտինի պատմական Ռուսաստանը և Հայաստանի սահմանների ապագան

Հոկտեմբերի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի գրավյալ տարածքները հայտարարեց «պատմական Ռուսաստանի» մաս՝ կրկին առաջ քաշելով մի վտանգավոր գաղափար, որը կարող է կասկածի տակ դնել նաև աշխարհի այլ պետությունների սահմանները։ Նրա պնդմամբ՝ ռուսներն ու ուկրաինացիները, իբր, գենետիկորեն մեկ ժողովուրդ են։ Այս տրամաբանությամբ Կրեմլն իրեն իրավունք է վերապահում վերագծելու հարևան պետությունների սահմանները՝ սեփական պատմական պատկերացումներով, և որոշելու ժողովուրդների ազգային ինքնությունը՝ անտեսելով նրանց ինքնորոշման իրավունքը։ Այս տրամաբանությունը միջազգային հարաբերությունների համար կործանարար է։ Եթե պատմական պատկանելությունը կարող է փոխարինել միջազգային իրավունքին, ապա ո՞ր դարից պետք է սկսել աշխարհի քաղաքական քարտեզի վերաձևումը։ Ո՞վ է որոշելու պատմության այն պահը, որից հետո տարածքը համարվում է հավերժական սեփականություն։ Հռոմեական կայսրությա՞ն սահմաններով, Օսմանյա՞ն, Պարսկաստա՞նի, Ռուսական կայսրությա՞ն։ Պատմությունը նման հաշվարկների համար անսպառ նյութ ունի։ Գրեթե յուրաքանչյուր պետություն կարող է հարևանի նկատմամբ պահանջ ներկայացնել՝ հղում անելով որևէ հաղթանակի, հին քարտեզի կամ երբեմնի տիրապետության։ Հայաստանի պատմությունը դրա լավագույն օրինակներից է։ Հայաստանը տարբեր ժամանակներում գտնվել է Պարսկաստանի, Օսմանյան և Ռուսական կայսրությունների տիրապետության ներքո։ Դրանից առաջ գոյություն են ունեցել հայկական անկախ թագավորություններ, որոնց սահմանները ևս բազմիցս փոփոխվել են։ Պատմական ո՞ր քարտեզը պետք է այսօր իրավական ուժ ստանա։ Ի՞նչ տրամաբանությամբ կարող է նախկին կայսրությունը սեփականության իրավունք վերապահել մի տարածքի նկատմամբ, որի ժողովուրդն արդեն անկախ պետություն է ստեղծել։ Պուտինի այս տրամաբանությունն աշխարհը վերադարձնում է կայսրությունների դարաշրջան, երբ սահմանները որոշվում էին ուժով, իսկ նվաճումները հիմնավորվում պատմական իրավունքով։ Այդ ճանապարհով ցանկացած տարածքային ագրեսիա կարելի է ներկայացնել որպես պատմական արդարության վերականգնում՝ անվերջ պատերազմների վտանգի տակ դնելով ամբողջ միջազգային կարգը։ Առավել վտանգավոր է ռուս և ուկրաինացի ժողովուրդների ինքնությունը գենետիկայով բացատրելու փորձը։ Ժողովուրդները կենսաբանական լաբորատորիաներում չեն ձևավորվում։ Նրանց ինքնությունը պատմության, մշակույթի, լեզվի, քաղաքական փորձառության և հավաքական ինքնորոշման արդյունք է։ Գենետիկական ընդհանրությունը որևէ պետության իշխանության իրավունք չի տալիս մեկ այլ ժողովրդի նկատմամբ։ Հակառակ դեպքում Եվրոպայի ու աշխարհի բազմաթիվ ազգերի ինքնուրույն գոյությունը նույնպես կարելի կլիներ հարցականի տակ դնել։ Ուկրաինացիների ազգային ինքնությունը Մոսկվայի գիտական եզրակացության կարիքը չունի։ Ուկրաինան անկախ պետություն է, ՄԱԿ-ի անդամ և միջազգայնորեն ճանաչված սահմաններով ինքնիշխան հանրապետություն։ Դրա գոյության իրավական հիմքը Պուտինի հավանությունը չէ։ Այս պատմության մեջ Հայաստանի համար կա առանձնապես վտանգավոր հանգամանք՝ Ալմա-Աթան։ 1991 թվականի դեկտեմբերի 21-ին նախկին խորհրդային հանրապետությունները, այդ թվում՝ Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը և Ուկրաինան, ստորագրեցին Ալմա-Աթայի հռչակագիրը՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը։ Խորհրդային վարչական սահմաններն անկախ պետությունների միջև դարձան միջազգային սահմաններ։ Այդ որոշմամբ ամրագրվեց ԽՍՀՄ փլուզումից հետո առաջացած պետությունների իրավական գոյակցության հիմքը։ Ռուսաստանն այդ պայմանավորվածության մասնակիցն է։ Ավելին՝ 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Պուտինն անձամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ստորագրած հայտարարությամբ վերահաստատել է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների անխախտելիության սկզբունքը։ Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի համար սա վճռորոշ նշանակություն ունի։ 2024 թվականին երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում Ալմա-Աթան ամրագրվեց որպես հիմնարար սկզբունք։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրի առաջին հոդվածով կողմերը վերահաստատեցին նախկին խորհրդային հանրապետությունների սահմանների միջազգային կարգավիճակը։ Այժմ պատկերացնենք՝ Ռուսաստանին հաջողվում է միջազգային քաղաքականության մեջ օրինականացնել «պատմական տարածքների վերադարձի» իր մոտեցումը։ Այդ նախադեպը կարող է հարվածել նաև Հայաստանի անվտանգության իրավական հիմքերին։ Ալմա-Աթայի սկզբունքի արժեզրկումը նոր հնարավորություն կտա բոլոր նրանց, ովքեր Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ պահանջներ ունեն կամ ապագայում կարող են ունենալ։ Այստեղ է Մոսկվայի դիրքորոշման խորքային հակասությունը։ Ռուսաստանի նախագահը Հայաստանից և Ադրբեջանից պահանջել է առաջնորդվել մի սկզբունքով, որի հիմնարար նշանակությունը փաստացի մերժում է Ուկրաինայի դեպքում։ Նման ընտրովի իրավունքը հուսալի երաշխիք լինել չի կարող որևէ փոքր պետության համար։ Այս մոտեցումը նաև տնտեսական լուրջ հետևանքներ ունի։ Միջազգային ներդրումները, առևտրային ճանապարհներն ու էներգետիկ նախագծերը պահանջում են կանխատեսելի միջավայր և հստակ սահմաններ։ Պատմական պահանջներով առաջնորդվող աշխարհում ցանկացած ենթակառուցվածք կարող է հայտնվել նոր հակամարտության կենտրոնում։ Հայաստանի համար, որն այսօր TRIPP-ի և տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման միջոցով փորձում է ամրապնդել իր տնտեսական ու ռազմավարական դիրքերը, սա անմիջական սպառնալիք է։ Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմանների պաշտպանությունն անմիջականորեն առնչվում է Հայաստանի անվտանգությանը և պետականության ապագային։ Մեր հազարամյա պատմությունն ու ազգային հիշողությունը կարևոր են, սակայն Հայաստանի Հանրապետության անվտանգությունը պահանջում է միջազգայնորեն ճանաչված սահմաններ, իրավական ամուր երաշխիքներ և պետությունների ստանձնած պարտավորությունների հետևողական կատարում։ Կայսրությունների պատմական հավակնությունների վերադարձը կարող է ծանր հետևանքներ ունենալ առաջին հերթին փոքր պետությունների համար։ Հետևաբար, Ալմա-Աթայի սկզբունքի պաշտպանությունը պետք է դառնա Հայաստանի արտաքին քաղաքականության անսակարկելի առաջնահերթությունը՝ Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում և տարածաշրջանային բոլոր բանակցություններում։ 1991 թվականին Ռուսաստանն ինքն է ճանաչել հետխորհրդային հանրապետությունների սահմանները։ Այսօր այդ պայմանավորվածության խարխլումը հարվածում է ամբողջ տարածաշրջանի անվտանգության հիմքերին։ Ուկրաինայի սահմանները «պատմական Ռուսաստանի» անունով վերագծելու նախադեպը վաղը կարող է ծառայել Հայաստանի սահմանների նկատմամբ որևէ այլ պետության հավակնություններին։ Ալմա-Աթայի պաշտպանությունն այսօր նաև Հայաստանի անկախության և տարածքային ամբողջականության պաշտպանությունն է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16912

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով