Պենտագոնը ԱՄՆ համալսարաններում գործող՝ Չինաստանի ֆինանսավորմամբ Կոնֆուցիուսի ինստիտուտները ներառել է ազգային անվտանգությանը սպառնացող հաստատությունների ցանկում։ Այս մասին հոկտեմբերի 23-ին սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում հայտարարել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը։ «Ռազմական գերատեսչությունը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է մեր ազգային անվտանգության սպառնալիք»,– ասել է նա։ Գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ վերջին երկու ամիսներին Պենտագոնը համակարգված կերպով դադարեցրել է կազմակերպությունների գործունեությունը։ Կոնֆուցիուսի ինստիտուտները չինարենի ուսուցման և մշակութային ծրագրեր առաջարկող կրթական գործընկերություններ են։ ԱՄՆ կառավարության հաշվետվողականության գրասենյակի՝ 2023 թվականի զեկույցի համաձայն՝ դրանց թիվը երկրի համալսարաններում և քոլեջներում 2019 թվականի շուրջ 100-ից նվազել էր մինչև հինգից պակաս։ Ըստ զեկույցի՝ փակման հիմնական պատճառներից էին դաշնային ֆինանսավորումը կորցնելու վտանգն ու արտաքին ճնշումները։ Որոշ համալսարաններ փակվելուց հետո չինարենի ուսուցումը շարունակել էին ֆինանսավորման այլ աղբյուրներով։



