Ռուսաստանցի փրանքերների հետ Ջոն Բոլթոնի հրապարակված զրույցը նոր լույս է սփռում Հայաստանի վերջին տարիների քաղաքական որոշումների, բաց թողնված հնարավորությունների և դրանց ծանր հետևանքների վրա։ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդականի ամենաուշագրավ գնահատականը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ղարաբաղյան քաղաքականությանը։ Բոլթոնը հիշում է, որ 2018 թվականի իրենց հանդիպման ժամանակ Փաշինյանը պնդել է Լեռնային Ղարաբաղի ամբողջական վերադարձը հայկական վերահսկողության ներքո՝ բացառելով այլ լուծումները։ «Արդյունքում նա ոչինչ չստացավ», ամփոփում է ամերիկացի նախկին պաշտոնյան՝ մեկ նախադասությամբ բնորոշելով առավելապաշտական դիրքորոշման ծանր հետևանքը։ Այս կարճ գնահատականը Հայաստանի վերջին տարիների քաղաքականության ամենածանր հարցն է առաջ բերում՝ ինչպե՞ս երկիրը կորցրեց բանակցային հնարավորությունները և ի վերջո կանգնեց ազգային աղետի առաջ։ Բոլթոնի հետ զրույցը կազմակերպել են ռուսական տեղեկատվական սադրանքներով հայտնի Վովանն ու Լեքսուսը՝ ներկայանալով որպես Իրանի նախկին թագաժառանգ Ռեզա Փահլավի։ Նրանց հրապարակումները հաճախ օգտագործվում են Մոսկվայի քարոզչական նպատակներով, ուստի զրույցի ներկայացված հատվածները զգուշավոր գնահատման կարիք ունեն։ Բոլթոնն էլ սխալ է հիշատակում Փաշինյանի հետ հանդիպման տարեթիվը. իրականում Երևան էր այցելել 2018 թվականի հոկտեմբերի 25-ին։ Այս հանգամանքները կարևոր են նրա խոսքերի արժանահավատությունը գնահատելիս։ Այդուհանդերձ, նախկին խորհրդականի դիտարկումը Հայաստանի քաղաքականության առանցքային հարցերից մեկն է բարձրացնում՝ որքանո՞վ էին երկրի ղեկավարության նպատակները համապատասխանում դրանք իրականացնելու իրական հնարավորություններին։ 2018 թվականին Հայաստանը դեռ պահպանում էր բանակցային զգալի հնարավորություններ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը գործում էր, Ղարաբաղի հարցը շարունակում էր մնալ միջազգային օրակարգում, իսկ նոր իշխանությունն ուներ հանրային վստահության բացառիկ պաշար։ Այդ առավելությունները կարող էին ծառայել Հայաստանի բանակցային դիրքերի ամրապնդմանը՝ հակառակորդի մտադրությունների, սեփական ռազմական ներուժի, հնարավոր փոխզիջումների և դաշնակիցների իրական պարտավորությունների սթափ գնահատման պայմաններում։ Բոլթոնի զրույցի մյուս կարևոր հատվածն արդեն Հայաստանի ապագայի մասին է։ Նա թերահավատ է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հեռանկարի նկատմամբ, մատնանշում է երկրի աշխարհագրական դժվարությունները և ընդունում արևմտյան քաղաքականության բացթողումները։ Նրա համոզմամբ՝ եվրոպացիները կարող էին ավելի լայն բացել իրենց շուկաները Հայաստանի համար, իսկ Միացյալ Նահանգները՝ ավելի գործուն աջակցություն ցուցաբերել։ Բոլթոնն առաջարկում է նաև խորացնել Պենտագոնի և հայկական զինված ուժերի համագործակցությունը, այդ թվում՝ համատեղ զորավարժությունների միջոցով։ Բոլթոնի դիտարկումները նաև արևմտյան քաղաքականության կարևոր բացն են մատնանշում։ Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման հարցում Վաշինգտոնի և Բրյուսելի քաղաքական հետաքրքրությունը պետք է ամրապնդվի տնտեսական ներդրումներով, պաշտպանական գործակցությամբ և երկարաժամկետ պարտավորություններով։ Հայաստանին անհրաժեշտ են անվտանգության ամուր երաշխիքներ, միջազգային հաղորդակցության նոր ուղիներ և տնտեսական զարգացման այնպիսի հնարավորություններ, որոնք կմեծացնեն երկրի ռազմավարական նշանակությունն ու ինքնուրույն գործելու կարողությունը։ Հայաստանի աշխարհագրական դիրքը լուրջ մարտահրավերներ է ստեղծում, սակայն հետևողական քաղաքականությունը կարող է փոխել դրա ռազմավարական նշանակությունը։ Ավստրիայի և Ֆինլանդիայի պատմությունը ցույց է տալիս, որ մեծ տերությունների շահերի բախման պայմաններում անգամ հնարավոր է ամրապնդել պետական ինքնուրույնությունը և ընդլայնել արտաքին քաղաքական հնարավորությունները։ Հայաստանի համար անհրաժեշտ է սեփական ռազմավարությունը կառուցել տարածաշրջանային ուժերի իրական շահերի հաշվառմամբ՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններից մինչև Իրանի տնտեսական հետաքրքրություններ, Ռուսաստանի ռազմական ներկայություն և միջազգային հաղորդակցությունների հաստատման նոր հեռանկարներ։ Այսօր Հայաստանը հնարավորություն ունի էապես փոխելու իր աշխարհաքաղաքական դիրքն ու տնտեսական նշանակությունը։ 2025 թվականի օգոստոսի 8-ի վաշինգտոնյան պայմանավորվածությունները և TRIPP նախագիծը կարող են երկիրը դարձնել տարածաշրջանային հաղորդակցությունների կարևոր հանգույց՝ ներգրավելով ամերիկյան կապիտալ, եվրոպական տեխնոլոգիաներ և միջազգային ներդրումներ։ Նոր ենթակառուցվածքները կարող են խթանել արտադրությունը, ընդլայնել արտաքին շուկաների հասանելիությունը և Հայաստանի կայունության նկատմամբ երկարաժամկետ միջազգային շահագրգռություն ձևավորել։ Այս հեռանկարի իրագործումը պահանջում է իրական ներդրումներ, ենթակառուցվածքների նկատմամբ հայկական ինքնիշխանության լիարժեք պահպանում և արևմտյան գործընկերների երկարաժամկետ հանձնառություն։ Բոլթոնի խոսքերում ռուսական փրանքերների համար կա նաև անհարմար հանգամանք։ Նա ողջունում է Հայաստանի անկախության ամրապնդմանն ուղղված քայլերը և անհրաժեշտ համարում հայ-ամերիկյան ռազմական համագործակցության խորացումը։ Նրա գնահատականներում Հայաստանի նկատմամբ արևմտյան հետաքրքրությունն ունի հստակ քաղաքական և անվտանգային հիմնավորում։ Այս ամենից Հայաստանի համար բխող գլխավոր հետևությունը սեփական քաղաքական որոշումների և դրանց երկարաժամկետ հետևանքների սթափ գնահատման անհրաժեշտությունն է։ 2018 թվականին Երևանում Բոլթոնը խոսում էր Հայաստանի արտաքին քաղաքական հնարավորությունների ընդլայնման մասին։ Ութ տարի անց նրա հրապարակված գնահատականը հիշեցնում է բաց թողնված հնարավորությունների և քաղաքական սխալ հաշվարկների ծանր գինը։ Վաշինգտոնի հետ հարաբերությունների ներկայիս մակարդակը Հայաստանի համար նոր հնարավորություն է ստեղծում՝ ամրապնդելու անվտանգությունը, նվազեցնելու արտաքին կախվածությունները և երկրի տնտեսական զարգացումը կապելու միջազգային խոշոր նախագծերի հետ։ Այս հնարավորության լիարժեք իրացումը պահանջում է հստակ ռազմավարություն, քաղաքական հետևողականություն և երկարաժամկետ պետական շահերի վրա հիմնված որոշումներ։ Վաշինգտոնյան համաձայնությունների հաջողությունը պետք է գնահատել Հայաստան ներգրավված ներդրումներով, ստեղծված ենթակառուցվածքներով, պաշտպանական համագործակցության արդյունքներով և երկրի ինքնուրույնության ամրապնդմամբ։ Հայաստանի առաջիկա տարիների գլխավոր խնդիրը սեփական աշխարհագրական դիրքը ռազմավարական առավելության վերածելն է, միջազգային գործընկերների շահերը հայկական պետական շահերի հետ համադրելն ու երկարաժամկետ համագործակցության ամուր հիմքեր ստեղծելը։ Բոլթոնի խոսքերը հիշեցնում են մի ճշմարտություն, որի անտեսումը Հայաստանի համար արդեն ծանր հետևանքներ է ունեցել. աշխարհաքաղաքականության մեջ հաջողությունը կախված է ուժերի իրական հարաբերակցության, սեփական հնարավորությունների և ժամանակի ճիշտ գնահատումից։ Քաղաքական սխալ հաշվարկների հետևանքով Հայաստանը կորցրել է անդառնալի հնարավորություններ և վճարել ազգային ծանրագույն կորուստներով։ Այսօր ստեղծված նոր հեռանկարը պահանջում է պատմությունից հետևություններ անելու և պետական շահը հետևողականորեն պաշտպանելու կարողություն։ Հայաստանը հերթական պատմական հնարավորությունը մսխելու իրավունք այլևս չունի։



