Հայաստանի ընտրական համակարգում կատարված օրենսդրական փոփոխությունն արդեն չափելի հետևանքներ ունի։ Հոկտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցող 21 համայնքի ընտրացուցակներում, հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների համեմատ, ընտրողների թիվը նվազել է 69 359-ով։ Ընդամենը չորս ամսում ընտրողների ընդհանուր թիվը 547 080-ից հասել է 477 721-ի։ Կրճատումը կազմում է 12,68 տոկոս։ Այս կտրուկ նվազման հիմնական պատճառը հուլիսի 3-ին ընդունված սահմանադրական օրենքն է, որով հազարավոր քաղաքացիների ընտրելու իրավունքը պայմանավորվել է Հայաստանում նրանց փաստացի գտնվելու տևողությամբ։ Նոր կարգավորմամբ հերթական ընտրություններին քվեարկելու համար քաղաքացին պետք է ընտրությանը նախորդող 48-րդ օրվա դրությամբ վերջին 730 օրերից առնվազն 366 օրը փաստացի գտնված լինի Հայաստանում։ Պահանջը տարածվում է նաև համապետական ընտրությունների ու հանրաքվեների վրա։ Օրենքի գործնական կիրառությունն արդեն բացահայտում է դրա ազդեցության մասշտաբը։ Ընտրացուցակների կրճատման աշխարհագրությունը Մարտունիում ընտրողների թիվը նվազել է 15 727-ով կամ 25,3 տոկոսով։ Արտաշատում պակասել է 10 852, Գավառում՝ 10 236, Արմավիրում՝ 9304, Հրազդանում՝ 7829 ընտրող։ Շամիրամում ցուցակը կրճատվել է 40 տոկոսով։ Ստեփանավանում, Գորիսում և Եղեգնաձորում հրապարակված ցուցակներն ընտրողների թվի աճ են ցույց տալիս, սակայն դա համայնքների խոշորացման հետևանք է։ Միավորված բնակավայրերի նախորդ ցուցակների հետ համեմատությունը բացահայտում է զգալի կրճատում։ Ստեփանավանում ընտրողների թիվը նվազել է 4236-ով, Գորիսում՝ 4313-ով, Եղեգնաձորում՝ 3416-ով։ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տրամադրած տվյալներով՝ հոկտեմբերի 25-ի ընտրություններից 48 օր առաջ հայտնաբերվել է 112 485 անձ, որոնք չեն բավարարել Հայաստանում փաստացի գտնվելու նոր պահանջը։ Ո՞վ և ինչպե՞ս է որոշում ընտրելու իրավունքը Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ ընտրողների ռեգիստրն ու սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգը փոխգործակցում են հատուկ ծրագրային ապահովմամբ։ Երկրում փաստացի գտնվելու օրերի հաշվարկը դարձել է ընտրացուցակներում ընդգրկվելու պայման։ Օրենքը բացառություններ է նախատեսում ծառայողական նպատակներով արտերկրում գտնվող հանրային ծառայողների, դիվանագիտական ծառայություն իրականացնողների ընտանիքի անդամների և արտասահմանում բարձրագույն կրթություն ստացողների համար։ Արտագնա աշխատանքի մեկնած, ընտանիքի անդամներին խնամելու կամ այլ պատճառներով արտերկրում գտնվող հազարավոր քաղաքացիների համար, սակայն, նման բացառություններ նախատեսված չեն։ Սա առաջացնում է սկզբունքային իրավական խնդիր։ Նույն քաղաքացիությունն ունեցող մարդկանց ընտրական իրավունքները փաստացի տարբերակվում են արտերկրում գտնվելու հանգամանքներով։ Օրենքն ընդունվել է հուլիսի 3-ին, հրապարակվել հուլիսի 24-ին և ուժի մեջ մտել օգոստոսի 25-ին։ Քաղաքացիների ընտրական իրավունքների վրա այսպիսի ազդեցություն ունեցող փոփոխության համար հանրային քննարկման և հետևանքների գնահատման հարցը առանձնահատուկ նշանակություն ուներ։ Դեռ հունիսի 30-ին տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ ու փորձագետներ ահազանգել էին նախագծի սահմանադրական խնդիրների մասին՝ մատնանշելով ընդհանուր և հավասար ընտրական իրավունքի սահմանափակման վտանգը։ Սահմանադրության 48-րդ հոդվածը քաղաքացիների ընտրական իրավունքը կապում է չափահասության և քաղաքացիության հետ՝ սահմանելով նաև դրա բացառությունները։ Ուստի անհրաժեշտ է պարզել, թե որքանով է Հայաստանում փաստացի գտնվելու նոր պահանջը համապատասխանում Սահմանադրությամբ երաշխավորված ընտրական իրավունքին։ Իշխանությունը պարտավոր է հրապարակել ամբողջական հաշվարկը Կառավարությունը նոր կարգավորումը հիմնավորում է ընտրություններին քաղաքացիների փաստացի մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությամբ։ Սակայն ընտրացուցակների կտրուկ կրճատումն իշխանությունից պահանջում է հրապարակել ամբողջական տվյալները։ Քանի՞ քաղաքացի է դուրս մնացել ցուցակներից, ի՞նչ հիմքերով, ինչպե՞ս են ստուգվել նրանց սահմանահատումների տվյալները, և քանի՞ հոգու է հաջողվել վերականգնել ընտրելու հնարավորությունը։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտնել է լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար դիմելու հնարավորության մասին։ Անհրաժեշտ է հրապարակել ստացված, բավարարված և մերժված դիմումների վիճակագրությունը։ Առանց այդ տվյալների հնարավոր չէ գնահատել նոր օրենքի կիրառման օրինականությունն ու հետևանքները։ 69 հազար ընտրողի նվազումը պահանջում է անկախ ստուգում և իշխանության սպառիչ բացատրություն։ Նոր կարգավորումը տարածվում է նաև խորհրդարանական ընտրությունների ու հանրաքվեների վրա՝ անմիջականորեն ազդելով երկրի քաղաքական ապագայի վրա։ Պետությունը պարտավոր է հիմնավորել սահմանափակման իրավաչափությունը և երաշխավորել, որ հազարավոր քաղաքացիների ընտրելու իրավունքը չի զոհաբերվի քաղաքական շահերին։



