Նիկոլ Փաշինյանը, ակնարկելով արտահերթ ընտրությունների հնարավորությունը, ընդդիմությանը կանգնեցրել է քաղաքական երկընտրանքի առաջ՝ օգտվել սահմանադրական գործընթացի վրա ազդելու իր վերջին հնարավորությունից, թե վտանգել այդ հնարավորությունն ու սեփական մանդատները նոր ընտրություններում։ Նարեկ Կարապետյանն արդեն արձագանքել է՝ «Միայն օրն ասեք»։ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» խմբակցությունը վարչապետի հայտարարությունը շանտաժ է համարում։ Երկու ուժերն էլ մերժում են նոր Սահմանադրության հարցում իշխանության հետ գործակցությունը, սակայն հնարավոր արտահերթ ընտրությունների վերաբերյալ նրանց գնահատականներն էապես տարբերվում են։ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» համոզված է, որ նոր ընտրություններով Փաշինյանը կարող է կորցնել իշխանությունը։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն ավելի զգուշավոր է։ Նա հրապարակավ ընդունում է հետընտրական շրջանում ընդդիմության դիրքերի թուլացումը՝ մատնանշելով առաջնորդների կալանավորումները, քրեական հետապնդումներն ու քաղաքական ճնշումները։ Հենց այս երկու գնահատականներն էլ բացահայտում են Փաշինյանի քաղաքական հաշվարկի առանցքը։ Խորհրդարանական քաղաքականության մեջ արտահերթ ընտրությունների սպառնալիքը իշխանության համար փորձված միջոց է՝ ընդդիմությանը զիջումների մղելու և քաղաքական նախաձեռնությունն իր ձեռքում պահելու համար։ Փաշինյանի հաշվարկն առավել շահեկան է դարձնում ընդդիմադիր ուժերի միջև առաջնորդության պայքարը, որը նոր ընտրությունների դեպքում կարող է խորացնել նրանց հակասություններն ու թուլացնել ընդհանուր դիմադրությունը։ Քոչարյանի, Կարապետյանի, Սարգսյանի և մյուս ընդդիմադիր կենտրոնների քաղաքական հավակնություններն անխուսափելիորեն բախվելու են նոր ընտրապայքարում։ Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները և դրանց հաջորդած զարգացումները բավական պատճառներ են տալիս այդ ուժերին սեփական հեռանկարները վերագնահատելու համար։ Գործող խորհրդարանում պահպանված ներկայացվածությունը նոր ընտրություններում երաշխավորված չէ։ Փաշինյանն առաջարկում է ընդդիմությանը կրկին մտնել մի մրցապայքարի մեջ, որի կանոններն ու ժամանակացույցը միանձնյա որոշում է ինքը։ Փաշինյանի այս հաշվարկը, սակայն, ռիսկային է նաև իր համար։ Հունիսի 7-ի ընտրություններում ՔՊ-ին չհաջողվեց սահմանադրական մեծամասնություն ստանալ, իսկ նոր ընտրությունները կարող են ավելի խորացնել հասարակության պառակտումը՝ իշխանության համար անկանխատեսելի հետևանքներով։ Ընտրախախտումների, ընտրակաշառքի և ընդդիմադիրների նկատմամբ քրեական հետապնդումների շուրջ չփարատված կասկածներն էլ կարող են նոր ընտրապայքարը վերածել քաղաքական լարվածության հերթական փուլի։ Սակայն այս ներքաղաքական հաշվարկն ունի նաև արտաքին քաղաքական լուրջ ենթատեքստ։ Փաշինյանը խաղաղության պայմանագրի ստորագրման հավանական ժամկետ է նշում 2027–2028 թվականները։ Բաքուն շարունակում է Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը ներկայացնել որպես պայմանագրի ստորագրման նախապայման։ Այսպիսով՝ Հայաստանի ներքաղաքական պայքարն ուղղակիորեն կապվում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին։ Փաշինյանը փորձում է ապահովել Սահմանադրության փոփոխության համար անհրաժեշտ աջակցությունը՝ միաժամանակ Բաքվի հետ բանակցություններում պահպանելով նախաձեռնությունը և ցույց տալով, որ պատրաստ է հաղթահարել ներքին քաղաքական դիմադրությունը։ Խնդիրը Հայաստանի ինքնիշխան որոշում կայացնելու իրավունքն է։ Սահմանադրությունը պետության հիմքն է, և դրա փոփոխության անհրաժեշտությունը պետք է համոզիչ լինի նախևառաջ Հայաստանի քաղաքացիների համար։ Բաքվի առաջադրած նախապայմանն իշխանության պատասխանատվությունն ավելի է մեծացնում. հասարակությունը պետք է վստահ լինի, որ երկրի Մայր օրենքը փոխվում է Հայաստանի ապագայի, այլ ոչ արտաքին պահանջների թելադրանքով։ Հայաստանն այժմ տարածաշրջանային նոր կարգի ձևավորման առանցքային մասնակիցներից է։ Վաշինգտոնյան պայմանավորվածությունները, TRIPP-ը, հաղորդակցությունների վերականգնումը, ամերիկյան և եվրոպական ներդրումների հեռանկարները երկրի համար պատմական հնարավորություն են ստեղծում։ Միաժամանակ Ռուսաստանը փորձում է պահպանել իր ազդեցության լծակները, Ադրբեջանը ձգտում է հնարավորինս ամրապնդել բանակցային ձեռքբերումները, Թուրքիան կառուցում է տարածաշրջանային իր տնտեսական և քաղաքական դիրքերը։ Այս իրադրությունում Հայաստանի ներքին քաղաքական կայունությունը ձեռք է բերում անմիջական աշխարհաքաղաքական արժեք։ Երկարատև ընտրական ցնցումները կարող են թուլացնել երկրի բանակցային հնարավորությունները և հետաձգել ռազմավարական նշանակության ծրագրերը։ Ընդդիմության առաջ նույնպես շատ ավելի մեծ խնդիր է դրված։ «Միայն օրն ասեք» հայտարարությամբ հնարավոր է ընդունել ընտրական մարտահրավերը։ Սակայն հասարակությանը անհրաժեշտ են պատասխաններ խաղաղության պայմանագրի, անվտանգության համակարգի վերակառուցման, Ռուսաստանի հետ հարաբերությունների, արևմտյան գործընկերության և տնտեսական զարգացման վերաբերյալ։ Իշխանափոխության պահանջը քաղաքական լուրջ այլընտրանք կարող է դառնալ միայն երկրի առաջ ծառացած հիմնարար խնդիրների լուծման հստակ ծրագրի առկայությամբ։ Փաշինյանն իր հերթին պետք է գիտակցի սահմանադրական նախաձեռնությունը ներքաղաքական մրցակցության գործիքի վերածելու հետևանքները։ Սահմանադրության շուրջ խորացող տարաձայնությունները հնարավոր չէ լուծել հերթական ընտրական հաղթանակով․ երկրի հիմնարար օրենքը պահանջում է հասարակական լայն համաձայնություն։ Փաշինյանն առայժմ հասել է իր նպատակին. հանրաքվեի համար պակասող վեց ձայնը վերածել է ընդդիմության քաղաքական ապագայի խնդրի։ Սակայն հենց այդ վեց ձայնն այսօր ընդդիմության ամենամեծ լծակն է՝ ապագա Սահմանադրության բովանդակության վրա ազդելու և իշխանությունից սկզբունքային զիջումներ ստանալու համար։ Ընդդիմությունը, տարվելով արտահերթ ընտրությունների հեռանկարով, վտանգում է կորցնել այդ հնարավորությունը։ Փաշինյանին անհրաժեշտ է նրա աջակցությունը, և հենց հիմա է հնարավոր սեփական պայմանները դնել բանակցությունների սեղանին։ Վաղը քաղաքական ուժերի հարաբերակցությունը կարող է փոխվել, և այդ հնարավորությունն այլևս հասանելի չլինել։ Փաշինյանը խաղադրույքը բարձրացրել է՝ ընդդիմության վեց ձայնի խնդիրը դարձնելով նրա բոլոր մանդատների հարցը։ Ընդդիմության մեծագույն սխալը կլինի սեփական առավելությունը չօգտագործած՝ ընդունել այդ խաղի կանոնները։ Քաղաքականության մեջ ամեն ինչ պահանջողները հաճախ կորցնում են նաև այն, ինչ կարող էին իրականում ստանալ։



