Ամեն ինչ պահանջելու և ոչինչ չստանալու քաղաքականությունը

Սահմանադրական հանրաքվեի շուրջ ընդդիմությունը կրկին տրվում է իր վաղեմի քաղաքական գայթակղությանը՝ առավելապաշտությունը դարձնելով սկզբունք, իսկ փոխզիջման հնարավորությունը՝ մերժման առարկա։ Նորից առավելապաշտություն, նորից վերջնագրեր, նորից քաղաքական հաշվարկի փոխարեն՝ ամբողջը ստանալու մոլուցք։ Այս առավելապաշտությամբ ընդդիմությունը վտանգում է վերջին տարիների իր ամենակարևոր քաղաքական հնարավորություններից մեկը՝ սեփական պահանջներն ամրագրել Հայաստանի ապագա Սահմանադրության մեջ և իրական ազդեցություն ունենալ երկրի պետական կառավարման համակարգի ձևավորման վրա։ Նիկոլ Փաշինյանը հանրաքվեի հարցում ընդդիմության ձայների կարիքն ունի։ Գործող Սահմանադրության 202-րդ հոդվածով նոր Սահմանադրությունը հանրաքվեի դնելու որոշման համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի աջակցությունը։ Սա ընդդիմության ձեռքին հայտնված բացառիկ քաղաքական լծակ է։ Ընդամենը մեկ հարց է պահանջում պատասխան. ի՞նչ է պատրաստվում ընդդիմությունը ստանալ այդ լծակի դիմաց։ Առայժմ լսվում է արտահերթ ընտրությունների պահանջը։ Այս պահանջով ընդդիմությունը կարող է սեփական ձեռքով ոչնչացնել իր բանակցային արժեքը։ Փաշինյանը հանրաքվեի անցկացման խորհրդարանական աջակցությունը չստանալու դեպքում արդեն իսկ չի բացառել արտահերթ ընտրությունները։ Ընդդիմությունն էլ շտապում է ընդունել այդ մարտահրավերը՝ պատրաստ լինելով ընտրությունների գնալ առանց ապագա Սահմանադրության մեջ որևէ էական փոփոխություն ապահովելու։ Քաղաքականության մեջ հազվադեպ են պահերը, երբ իշխանությունը ստիպված է հաշվի նստել ընդդիմության հետ։ Այդ պահերը պետք է օգտագործել։ Վաղը Փաշինյանին կարող են այլևս պետք չգալ այսօրվա ընդդիմադիր պատգամավորների ձայները։ Նոր խորհրդարան, նոր մեծամասնություն, և սահմանադրական գործընթացի վրա ազդելու այսօրվա հնարավորությունը կմնա անցյալում։ Հայաստանի քաղաքական մշակույթում փոխզիջումը դեռ համարվում է թուլություն, իսկ անզիջում կեցվածքը՝ սկզբունքայնություն։ Այս մտածողությունը հաճախ քաղաքական ուժերին ստիպում է զոհաբերել իրական ձեռքբերումները՝ հանուն անհասանելի առավելագույնի։ Այսօր ընդդիմությունն ունի իշխանությունից սահմանադրական լուրջ երաշխիքներ պահանջելու հնարավորություն՝ վարչապետի պաշտոնավարման ժամկետային սահմանափակում, խորհրդարանական վերահսկողության ուժեղացում, դատական իշխանության իրական անկախություն, ընտրական համակարգի կայունություն և արտակարգ իրավիճակներում իշխանության լիազորությունների հստակ սահմանափակում։ Դրանք կարող են էապես փոխել Հայաստանի կառավարման համակարգը և կանխել իշխանության հետագա կենտրոնացումը մեկ անձի ձեռքում։ Սահմանադրության մեջ ամրագրվելով՝ այս երաշխիքները պարտադիր կդառնան նաև բոլոր հաջորդ իշխանությունների համար։ Ընդդիմությունն այսօր հնարավորություն ունի իր քաղաքական ազդեցությունը վերածելու մնայուն արդյունքի՝ սահմանափակելով իշխանության կամայականությունը՝ անկախ այն հանգամանքից, թե վաղն ով կլինի երկրի ղեկին։ Այս խնդիրը Հայաստանի աշխարհաքաղաքական ներկայի պայմաններում առավել կարևոր է։ Երկիրը վերանայում է իր անվտանգության հենարանները, խորացնում հարաբերությունները Միացյալ Նահանգների և Եվրոպական միության հետ, փորձում վերականգնել տարածաշրջանային հաղորդակցությունները և վերաձևել իր տնտեսական աշխարհագրությունը։ Առջևում տասնամյակների ազդեցություն ունեցող որոշումներ են՝ տարանցիկ ենթակառուցվածքներ, էներգետիկ անկախություն, արտաքին ներդրումներ, անվտանգության նոր համակարգ։ Այս ամենի համար Հայաստանին անհրաժեշտ են վստահելի պետական ինստիտուտներ։ Ներդրողը, միջազգային գործընկերը, առավել ևս Հայաստանի քաղաքացին պետք է վստահ լինեն պետական որոշումների կանխատեսելիությանը և իշխանության սահմանադրական սահմաններին։ Անձերից կախված պետական համակարգը ցանկացած խոշոր քաղաքական ցնցում կարող է վերածել համազգային ճգնաժամի։ Առանձին մտահոգության առարկա է նաև արտահերթ ընտրությունների միջոցով հերթական անգամ սահմանադրական ճգնաժամը հանգուցալուծելու գայթակղությունը։ Հայաստանում խորհրդարանական կառավարման կարճ պատմությունն արդեն իսկ ուղեկցվել է քաղաքական ճգնաժամերով և խորհրդարանների լիազորությունների վաղաժամ դադարեցմամբ։ Ամեն նոր հակասության համար ընտրական գործընթացը վերագործարկելը չի նպաստում խորհրդարանական ինստիտուտների կայացմանը։ Ընդդիմությունն այսօր կարող է փոխել այս արատավոր ընթացքը՝ հրապարակային ներկայացնելով իր սահմանադրական պահանջները և հանրաքվեին աջակցությունը պայմանավորելով դրանց ընդունմամբ։ Այդ քայլը Փաշինյանին կստիպի գնալ առարկայական բանակցությունների, իսկ հասարակությանը հնարավորություն կտա գնահատելու յուրաքանչյուր կողմի պատրաստակամությունը՝ սեփական քաղաքական շահերից վեր դասելու պետության երկարաժամկետ շահը։ Այսպիսով, կարող է ձևավորվել իշխանության, ընդդիմության և հասարակության միջև սահմանադրական համաձայնության բացառիկ հնարավորություն։ Փաշինյանը կստանա հանրաքվեի անցկացման համար անհրաժեշտ աջակցությունը, ընդդիմությունը՝ ապագա իշխանությունների կամայականությունը սահմանափակող երաշխիքներ, հասարակությունը՝ ավելի ամուր և պաշտպանված պետություն։ Քաղաքական հասունությունը նաև ժամանակին հնարավորությունը ճանաչելու և այն մնայուն ձեռքբերման վերածելու կարողությունն է։ Ընդդիմությունն այսօր կարող է իր հետքը թողնել Հայաստանի ապագա Սահմանադրության մեջ։ Սակայն ամբողջ իշխանությունը ստանալու մոլուցքով վտանգում է կորցնել անգամ այդ հնարավորությունը։ Ամեն ինչ պահանջելու քաղաքականությունը հաճախ ավարտվում է ոչինչ չստանալով։ Հայաստանի ընդդիմությունը հերթական անգամ կանգնած է հենց այդ վտանգի առաջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16909

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով