Արարատ Միրզոյանն անդրադարձել է դեպի Օման հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանմանը։ «Օմանում Հայաստանի դեսպանությունը համեմատաբար նոր է, դրա պաշտոնական բացումը տեղի ունեցավ այս տարվա մարտին, և այդ պահից ի վեր ակտիվ աշխատանքներ են տարվել տնտեսական կապեր հաստատելու ուղղությամբ,-նշել է նախարարը։ «Հուլիսից սեպտեմբեր Հայաստանից Օման է արտահանվել ծիրան, կեռաս, դեղձ, նեկտարին և ելակ։ Թեև դրանք փորձնական՝ փոքր խմբաքանակներ են եղել, այդ մրգերը վաճառվել են Օմանի խոշորագույն՝ «Լուլու» հիպերմարկետների ցանցում, ինչպես նաև «Սուհոլ Ալ Ֆայա» սուպերմարկետների ցանցում։ Հատկանշական է, որ հայկական մրգերը ներկայացվել և վաճառվել են բարձրորակ արտադրանքի սեգմենտում։ Կարծում եմ՝ սա կարևոր փաստ է», – ընդգծել է Արարատ Միրզոյանը։ Նախարարը հայտնել է, որ արդեն Օմանից ընկերություններ են այցելում Հայաստան, կապեր են հաստատվում, պայմանագրեր կնքվում. «Կարող ենք վստահ ասել, որ առաջիկայում արտահանման ծավալները կմեծանան։ Նախատեսվում է արտահանել նաև հատապտուղներ, այլ մրգեր, խնձոր և խաղող»։ Արարատ Միրզոյանը նշել է նաև, որ Օմանը միակը չէ հայկական ընկերությունների համար բացվող նոր շուկաների շարքում։



