Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Խորհրդակցությանը մասնակցել են նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարը, գլխավոր քարտուղարի տեղակալը, նախարարի խորհրդականները, նախարարության ենթակա մարմինների ղեկավարները, ինչպես նաև հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Նախարարությունից հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են նախարարության գործունեության ընթացիկ հարցերը, իրականացվող ծրագրերի ընթացքը և առաջիկա անելիքները։ Անդրադարձ է կատարվել ուսումնական հաստատությունների ջեռուցման ապահովման հարցերին։ Նախարարը կարևորել է անհրաժեշտ աշխատանքների ժամանակին իրականացումը՝ ընդգծելով ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի անխափան կազմակերպման համար պատշաճ պայմանների ապահովման անհրաժեշտությունը։ Քննարկվել են նաև կապիտալ ծախսերի կատարողականին առնչվող հարցեր։ Ժաննա Անդրեասյանը հանձնարարել է հետևողական լինել իրականացվող աշխատանքների ընթացքի և սահմանված ժամկետների պահպանման նկատմամբ՝ անհրաժեշտության դեպքում կազմակերպելով մշտադիտարկման այցեր։ Նախարարն անդրադարձել է նաև շրջանառության մեջ գտնվող իրավական ակտերի նախագծերի ընթացքին, կարևորվել է մինչև տարեվերջ նախատեսվող բյուջետային վերաբաշխումների և համապատասխան որոշումների նախագծերի սեղմ ժամկետներում շրջանառության ապահովումը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության ոլորտին առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել բուհերի ընդունելության քննությունների ցանկի հաստատման որոշման նախագծին: Անդրադարձ է կատարվել նաև կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպչական հարցերին. նախարարը կարևորել է գործընթացի պատշաճ կազմակերպումը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև նախատեսվող միջոցառումների կազմակերպմանը, դրանց վերաբերյալ պատշաճ իրազեկման ապահովմանը և առաջիկա աշխատանքների համակարգմանը։



