Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Էյդն, արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Խաղաղության Նոբելյան մրցանակի վերաբերյալ քննադատությանն, ընդգծել է, որ Նոբելյան հանձնաժողովն անկախ է։ Այս մասին հաղորդում է Politico-ն։ «Նա շատ լավ գիտի, որ Նոբելյան հանձնաժողովն անկախ է: Մենք նրան հիշեցրել ենք այդ մասին, եթե որևէ մեկին հետաքրքրում է, և դա դեռ այդպես է», – հայտարարել է նախարարը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Նորվեգիան «վատ երկիր է»։ Նա դժգոհություն է հայտնել այն կապակցությամբ, որ իրեն բազմիցս անտեսել են Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդների ցուցակում ընդգրկելիս։ «Ճիշտն ասած՝ Նորվեգիան վերածվել է մի լիակատար գարշելի երկրի», – ասել է նա հոկտեմբերի 25-ին Միչիգանի նահանգի Պորտ Հուրոն քաղաքում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թեև Թրամփը չի ստացել մրցանակը, 2025 թվականի հաղթող վենեսուելացի քաղաքական գործիչ և իրավապաշտպան Մարիա Կորինա Մաչադոն նրան է հանձնել իր մեդալը հունվարին Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ: «Իսկ այն անձը, ով ստացել է՝ Մարիան, շատ լավն էր։ Նա ասաց. «Ես չեմ կարող հավատալ, որ դա ստացա: Սա պետք է շնորհվի նախագահ Թրամփին», և նա ինձ տվեց իր Խաղաղության Նոբելյան մրցանակը, դա շատ հաճելի էր: Ես դա չեմ մոռանա: Դա շատ հաճելի էր», – հանրահավաքում իր ելույթի ժամանակ ասել է Թրամփը։ Չնայած Իրանի դեմ պատերազմ սկսելուն և Վենեսուելայի ղեկավարին տապալելուն՝ Թրամփն ակտիվորեն ընդգծում է իր՝ որպես խաղաղարարի դերը՝ պնդելով, որ իր պաշտոնավարման երկրորդ ժամկետում կարգավորել է առնվազն ութ հակամարտություն։



