Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիների կողմից արձակված անօդաչու թռչող սարքեր ոչնչացնելու մասին։ Այս մասին X-ում գրառման մեջ նշել է կոալիցիայի խոսնակ Թուրքի ալ-Մալիքին։ «Հարավային շրջանի ուղղությամբ հութի ահաբեկչական զինյալների կողմից արձակված 4 անօդաչու թռչող սարք է որսվել և ոչնչացվել»,- նշել է նա։ Խոսնակը հավելել է, որ հակաօդային պաշտպանությունը որսացել և ոչնչացրել է հութիների կողմից Արևելյան շրջանի ուղղությամբ արձակված 3 բալիստիկ հրթիռ։ Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Եմենի կառավարական ուժերը հայտնել են, որ 24 ժամվա ընթացքում իրականացրել են 1276 գործողություն՝ «չեզոքացնելով» հութիների մոտ 382 մարտիկի։ Տեղեկություններ են հաղորդվել, որ ոչնչացվել կամ վնասվել են 140 միավոր ռազմական տեխնիկա և ծանր սպառազինություն, ինչպես նաև զենքի և զինամթերքի մի քանի պահեստ։ Հութիներին պատկանող լրատվամիջոցները հաղորդել են, որ Եմենի կառավարական ուժերն ավիահարվածներ են հասցրել Թաիզի նահանգում գտնվող Մոխա քաղաքի մի քանի հատվածի և դրա նավահանգստի ուղղությամբ։ Հութիների խոսնակ Յահյա Սարին հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Սաուդյան Արաբիայի ռազմական ինքնաթիռները 119 ավիահարված և հրթիռային հարձակում են իրականացրել մայրաքաղաք Սանայում և մի քանի նահանգում քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ: «Այս հարձակումները, որոնք իրականացվել են Խամիս Մուշաիտ և ատ-Տաիֆ ավիաբազաներից F-15 և Typhoon կործանիչներով, ինչպես նաև Ջիզանից արձակված հրթիռային հարձակումները հանգեցրել են քաղաքացիական զոհերի», – նշել է նա X-ում գրառման մեջ։ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան աջակցում է Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությանը։ Վերջին շաբաթներին կողմերի միջև ինտենսիվ ռազմական գործողություններ են ընթանում։



