Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը գազի համաշխարհային շուկայի առանցքային դերակատարներից է և բնական գազի պաշարներով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում։ Այս մասին նա ասել է ՖՍԷԳ-ի լիագումար նիստում։ Պուտինի խոսքով՝ հրաժարվելով ռուսական գազից՝ Եվրոպան վնաս է հասցնում սեփական արդյունաբերությանն ու սոցիալական ոլորտին։ Նա նաև «Հյուսիսային հոսք» գազատարների պայթեցումն անվանել է ուղղակի ահաբեկչական գործողություն։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ Մոսկվային գազի համաշխարհային շուկայից դուրս մղելու ցանկացած փորձ կարող է լուրջ հետևանքներ ունենալ, այդ թվում՝ այլ երկրների ծախսերի ավելացում։ Նրա խոսքով՝ այսօր գազի համաշխարհային շուկայի հիմնական խնդիրներից մեկը մատակարարումների խափանումն է, որի հետևանքով առաջարկի զգալի ծավալներ դուրս են մնացել շուկայից։ Պուտինը նշել է նաև, որ աշխարհում գազի առևտրի մոտ կեսն արդեն բաժին է ընկնում հեղուկացված բնական գազին (ՀԲԳ), իսկ գազի դերը համաշխարհային էներգետիկայում և միջազգային առևտրում շարունակելու է աճել։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում, թե էներգիայի արտադրության որ տեսակներն է զարգացնելու, մինչդեռ մոլորակի էներգետիկ հաշվեկշռի մոտ մեկ քառորդը բաժին է ընկնում գազին։ Պուտինը նաև հայտնել է, որ Ռուսաստանն ուսումնասիրում է Արկտիկայում ԱՄՆ-ի հետ համատեղ աշխատանքի հնարավորությունը։



