Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը ահազանգում է. Caucasus Heritage Watch-ի (CHW) փաստագրումը արձանագրում է հերթական ծանրակշիռ ապացույցը այն քաղաքականության, որը նպատակաուղղված է հայկական պատմամշակութային ժառանգության հետևողական ոչնչացմանը։ Ստեփանակերտի հուշահամալիրի տարածքում գտնվող՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձանի ամբողջական վերացումը չի կարող մեկնաբանվել որպես մեկուսացված դեպք․ այն ակնհայտորեն տեղավորվում է մշակութային ժառանգության համակարգված վերացման և պատմական հիշողության ջնջման լայն գործընթացում։ Սպիտակ մարմարից կառուցված զանգակատունը, որը ներառում էր մասունքարան՝ Դեր Զորից բերված մարդկային աճյուններով, առանձնահատուկ խորհրդանշական նշանակություն ուներ։ Դեր Զորը հայկական հավաքական հիշողության մեջ ոչ միայն աշխարհագրական տեղանուն է, այլև ցեղասպանության ողբերգական գագաթնակետը մարմնավորող սիմվոլ, այն վայրը, որտեղ հարյուր հազարավոր հայեր ենթարկվել են զանգվածային կոտորածների, բռնի տեղահանության և մահվան երթերի։ Այդպիսի հուշարձանի ոչնչացումը նշանակում է ոչ միայն նյութական արժեքի կորուստ, այլև ուղղակի հարված պատմական հիշողությանը, զոհերի հիշատակին և նրանց ժառանգների ինքնությանը։ Airbus և Planet Labs ընկերությունների արբանյակային տվյալները հստակ փաստում են, որ հուշարձանը և հարակից ամբողջ հուշահամալիրը ոչնչացվել են 2025 թվականի հուլիսի 14-ից մինչև 2026 թվականի ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում։ Տվյալների այս ժամանակագրությունը վկայում է ոչ թե պատահական վնասի, այլ կանխամտածված և փուլային գործողության մասին, որի նպատակը տարածքի լիակատար «մաքրումն» էր հայկական ներկայության որևէ հետքից։



