2027 թվականին մուայթայի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Հայաստանում։ Առաջնությանը կմասնակցեն 44 երկրների ավելի քան 600 մարզիկներ։ Բացի այդ, Հայաստան կժամանեն պաշտոնական պատվիրակությունների ավելի քան 300 ներկայացուցիչներ։ Մուայթայը՝ որպես միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից ճանաչված մարզաձև և օլիմպիական ընտանիքի մաս, կարևոր տեղ է զբաղեցնում միջազգային մարզական ասպարեզում։ Փարիզում կայացած Մուայթայի միջազգային ֆեդերացիայի (IFMA) և Եվրոպայի մուայթայի ֆեդերացիայի (EMF) տնօրենների խորհրդի նիստի ընթացքում միաձայն որոշում է ընդունվել 2027 թվականի հոկտեմբերի 9-17-ը մուայթայի Եվրոպայի առաջնությունն անցկացնել Հայաստանում։ Առաջնության անցկացումը կարևոր իրադարձություն է Հայաստանի մարզական կյանքում և մեծ հնարավորություն՝ միջազգային հանրությանը ներկայացնելու մեր երկրի ներուժը, հայկական հյուրընկալությունն ու մուայթայի զարգացման նոր հեռանկարները։



