Իրանը չի փորձել վերանորոգել ԱՄՆ-ի հարվածների հետևանքով վնասված միջուկային օբյեկտները. Գրոսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ որևէ նշան չկա, թե Իրանը փորձել է վերանորոգել կամ վերականգնել իր միջուկային օբյեկտները, որոնք վնասվել էին 2026 և 2025 թվականին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։ Այս մասին հաղորդում է Asspciated Press-ը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ԱԷՄԳ ղեկավար Ռաֆայել Գրոսին կոչ է արել Իրանին՝ տեսուչներին թույլ տալ մուտք գործել բոլոր միջուկային օբյեկտներ, այդ թվում՝ ռազմական հարձակումների հետևանքով վնասված վայրեր։ 2025 թվականին ԱՄՆ-ի կողմից իրանական օբյեկտների ռմբակոծումից ի վեր ԱԷՄԳ-ն չի կարողացել ստուգել Իրանի ուրանի պաշարների վիճակը։ Սակայն Գրոսին նշել է, որ «2025 թվականի հունիսից ի վեր չեն արձանագրել որևէ գործողություն՝ ուղղված 2025 և 2026 թվականների ռազմական հարձակումների հետևանքով վնասված օբյեկտների վերանորոգմանը կամ վերակառուցմանը»։ ՄԱԿ-ում հանդիպումը հրավիրվել էր Բահրեյնի, Դանիայի, Լատվիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների կողմից այն բանից հետո, երբ ԱԷՄԳ-ն Իրանի հարցը փոխանցել է Անվտանգության խորհրդին՝ միջուկային զենքի չտարածման հետ կապված պարտավորությունները չկատարելու պատճառով։ Իրանի դաշնակիցներ Ռուսաստանն ու Չինաստանը անհաջող փորձեր էին ձեռնարկել՝ կանխելու այդ հանդիպումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմ սկսելու հիմնական պատճառներից մեկը Թեհրանին միջուկային զենք մշակելու հնարավորությունից զրկելն էր։ Միաժամանակ նա պնդել է, որ 2025 թ. հունիսին իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած հարվածները «լիովին ոչնչացրել են» Իրանի ատոմային ծրագիրը։ Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում։ Չնայած դրան՝ ԱԷՄԳ-ն հայտնում է, որ երկիրն ունի մինչև 60% մաքրության հարստացված ուրանի 440,9 կգ պաշար. տեխնիկական առումով շատ փոքր քայլ է մնացել՝ հասնելու զենքի համար անհրաժեշտ 90% մակարդակի։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16878

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով