Եվրոպան պատրաստվում է քաղաքական և աշխարհաքաղաքական մեծ փոփոխությունների։ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հոկտեմբերի 26-ին Բրյուգեում հայտարարել է, որ առաջիկա երեսուն տարում Եվրամիության անդամների թիվը կարող է հասնել քառասունի։ Նա միության ապագա կազմում տեսնում է Արևմտյան Բալկանների երկրներին, Ուկրաինային և Մոլդովային։ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի եվրոպական հեռանկարը, նրա գնահատմամբ, կախված է այդ պետությունների հետագա զարգացումից։ Ստուբի հայտարարությունը կարևոր է հատկապես Հայաստանի համար։ Եվրոպական ընդլայնման երկարաժամկետ պատկերացումներում արդեն տեղ է հատկացվում նաև Հարավային Կովկասին։ Սակայն այդ հեռանկարի իրականացումը պահանջելու է քաղաքական որոշումներ, տնտեսական և ինստիտուցիոնալ փոփոխություններ, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության նոր պայմաններ։ Եվրոպական ինտեգրման պատմությունն ինքնին աշխարհաքաղաքական վերափոխումների պատմություն է։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վեց պետությունների տնտեսական համագործակցությամբ սկսված գործընթացը աստիճանաբար ձևավորեց մայրցամաքի քաղաքական նոր համակարգը։ Բեռլինի պատի փլուզումից հետո եվրոպական ընդլայնումը դարձավ նախկին սոցիալիստական երկրների ժողովրդավարական և տնտեսական վերակառուցման կարևոր հենարանը։ 2004 թվականին տասը պետությունների անդամակցությունը փոխեց Եվրոպայի ուժերի հարաբերակցությունը և ամրապնդեց հետսառըպատերազմյան աշխարհակարգը։ Այսօր այդ աշխարհակարգը խոր ճգնաժամի մեջ է։ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ քանդել է եվրոպական անվտանգության նախկին պատկերացումները։ Միացյալ Նահանգների քաղաքականության փոփոխությունները Եվրոպային ստիպում են ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել սեփական պաշտպանության համար։ Չինաստանի տնտեսական և տեխնոլոգիական ազդեցությունը մեծացնում է մրցակցությունը համաշխարհային շուկաների, արտադրական շղթաների և ռազմավարական ենթակառուցվածքների համար։ Այս պայմաններում Եվրամիության ընդլայնումը ձեռք է բերում նոր նշանակություն։ Բրյուսելը ձգտում է ամրապնդել իր քաղաքական ազդեցությունը, ընդարձակել միասնական շուկան և ապահովել ռազմավարական հաղորդակցությունների անվտանգությունը։ Քառասուն անդամ ունեցող Եվրոպան կունենա տնտեսական և քաղաքական զգալի ներուժ։ Սակայն այդպիսի միության կառավարումը կպահանջի նաև որոշումների ընդունման համակարգի փոփոխություն, ընդհանուր քաղաքականության ավելի արդյունավետ համաձայնեցում և անդամ պետությունների միջև պարտավորությունների հստակ բաշխում։ Հայաստանը հայտնվել է այս փոփոխությունների անմիջական ազդեցության գոտում։ 2025 թվականին Ազգային ժողովն ընդունեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Դա կարևոր քաղաքական որոշում էր, սակայն դրան հաջորդող քայլերի հստակությունն այժմ առավել էական նշանակություն ունի։ Հայաստանին անհրաժեշտ են եվրոպական ինտեգրման ճանապարհային քարտեզ, պետական կառավարման և արդարադատության խորքային բարեփոխումներ, տնտեսության մրցունակության բարձրացում և արտաքին քաղաքական առաջնահերթությունների հետևողական վերանայում։ Ժամանակն այստեղ վճռորոշ գործոն է։ Ուկրաինան և Մոլդովան արդեն անդամակցության բանակցությունների փուլում են։ Վրաստանը, ունենալով թեկնածուի կարգավիճակ, իր իշխանությունների քաղաքականության հետևանքով փաստացի կորցրել է եվրոպական ինտեգրման առաջընթացի հնարավորությունը։ Տարածաշրջանի երկրների տարբեր ընթացքները ցույց են տալիս քաղաքական ընտրությունների երկարաժամկետ հետևանքները։ Հայաստանի առջև առանձնապես բարդ խնդիր է նաև Ռուսաստանի հետ ձևավորված տնտեսական և ինստիտուցիոնալ կախվածությունների հաղթահարումը։ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը, ռազմավարական ենթակառուցվածքներում ռուսական վերահսկողությունը և անվտանգության ոլորտում պահպանվող նախկին պարտավորությունները սահմանափակում են արտաքին քաղաքական ինքնուրույնության հնարավորությունները։ Եվրոպական ինտեգրման խորացումը ենթադրում է այս խնդիրների լուծման հստակ քաղաքականություն և տնտեսական անցման հաշվարկված ծրագիր։ Միաժամանակ Հարավային Կովկասում տեղի ունեցող փոփոխությունները Հայաստանի համար ստեղծում են նոր հնարավորություններ։ Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը, տարածաշրջանային հաղորդակցությունների հաստատումը և ամերիկյան մասնակցությամբ TRIPP նախագծի իրականացումը կարող են էապես բարձրացնել Հայաստանի աշխարհատնտեսական նշանակությունը։ Եվրոպայի և Ասիայի միջև փոխադրումների նոր ուղիները, էներգետիկ կապերը և ներդրումային ծրագրերը կարող են Հայաստանին ավելի սերտորեն կապել եվրոպական տնտեսական տարածքին։ Սակայն աշխարհագրական առավելությունը տնտեսական արդյունք է տալիս համապատասխան պետական քաղաքականության պայմաններում։ Անհրաժեշտ են արդիական ենթակառուցվածքներ, ներդրումների պաշտպանություն, թափանցիկ կառավարում և խաղաղության կայուն պայմաններ։ Հայաստանի համար հատկապես կարևոր է հաղորդակցությունների նկատմամբ ինքնիշխան վերահսկողության պահպանումը։ Ստուբի հայտարարության առանցքային նշանակությունն այն է, որ Հայաստանը դիտարկվում է ընդլայնվող Եվրոպայի հնարավոր մասնակիցներից մեկը։ Այդուհանդերձ, Ֆինլանդիայի նախագահի խոսքը Եվրամիության պաշտոնական առաջարկ չէ։ Այն արտահայտում է եվրոպական քաղաքական մտածողության մեջ ձևավորվող երկարաժամկետ մոտեցում։ Անդամակցության հեռանկարը դեռ կախված է լինելու ինչպես Հայաստանի առաջընթացից, այնպես էլ Եվրամիության քաղաքական որոշումներից։ Եվրոպական ընդլայնման պատմությունը հարուստ է հաջողության և բաց թողնված հնարավորությունների օրինակներով։ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրները տարիներ շարունակ վերակառուցեցին իրենց պետական հաստատությունները, տնտեսությունները և իրավական համակարգերը։ Այդ աշխատանքի շնորհիվ նրանք կարողացան օգտվել պատմական փոփոխություններից և ապահովել իրենց տեղը եվրոպական նոր համակարգում։ Հայաստանի համար ևս առաջիկա տարիների գլխավոր հարցը սեփական պետական կարողությունների ամրապնդումն է։ Եվրոպական հեռանկարը պահանջում է քաղաքական լայն համաձայնություն երկրի զարգացման երկարաժամկետ նպատակների շուրջ, պետական հաստատությունների կայունություն և բարեփոխումների շարունակականություն։ Ստուբը ներկայացրել է երեսուն տարի անց հնարավոր Եվրոպայի պատկերը։ Այդ ժամանակահատվածում կարող են փոխվել միջազգային հարաբերությունները, տարածաշրջանի անվտանգության համակարգը և տնտեսական զարգացման ուղղությունները։ Հայաստանի ապագան այս փոփոխությունների պայմաններում կախված է լինելու նաև այսօր ընդունվող որոշումների որակից։ Եվրոպայի ապագա քարտեզը դեռ կազմվում է։ Հայաստանի տեղը դրա վրա կանխորոշված չէ։ Այն որոշվելու է պետության քաղաքական ընտրություններով, բարեփոխումների արդյունքներով և սեփական ինքնիշխանությունն ամրապնդելու կարողությամբ։



