Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գևորգ Թադևոսյանը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած աշխարհի առաջնության մեդալը թիմային աշխատանքի արդյունք է համարում: «Ինձ համար այս բրոնզե մեդալը շատ սպասված մեդալ էր: Թեպետ նպատակն աշխարհի առաջնությունում հաղթելն էր, ցավոք, այս անգամ չհաջողվեց: Բավարարվեցի բրոնզե մեդալով, քանի որ սխալներ ունեի գոտեմարտերի ժամանակ»,-«Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգ Թադևոսյանը: Վերջինիս խոսքով` ինքը պատրաստ էր թե կիսաեզրափակիչ ու թե բրոնզե մեդալի համար գոտեմարտին: «Անհատական մեդալների թիկունքին միշտ էլ թիմային աշխատանքի արդյունքն է: Ես շնորհակալ եմ ընկերներիս, մարզիչներիս ու յուրաքանչյուրին, ով օգնել է ինձ այս ճանապարհին»,-ասաց նա:



