Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հայտարարել է, որ կառավարությունը մտադիր է շարունակել Ուկրաինային աջակցելու քաղաքականությունը՝ այն համարելով խաղաղության հասնելու լավագույն ճանապարհը։ Հայտարարությունը հնչել է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ մամուլի ասուլիսի ընթացքում։ Մելոնին ընդգծել է, որ իշխող կոալիցիայի ներսում տարբեր տեսակետներ կան, սակայն կառավարության մեծամասնության գերակշռող դիրքորոշումն այն է, որ Ուկրաինային աջակցությունը պետք է շարունակվի։ «Մենք բոլորս համաձայն ենք, որ պետք է խաղաղություն հաստատել Ուկրաինայում, բայց գերակշռող դիրքորոշումն այն է, որ այդ խաղաղությունն ապահովելու լավագույն ճանապարհը Ուկրաինային աջակցությունը շարունակելն է»,- հայտարարել է Իտալիայի վարչապետը։ Նա հավելել է, որ չի ակնկալում՝ կոալիցիայի ներսում նախկինում ձեռք բերված համաձայնությունը կփոխվի։ Մելոնին նաև նշել է, որ նախարարների խորհուրդը երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը, ինչը հնարավորություն է տալիս շարունակել Ուկրաինային օգնության տրամադրումը։ Միաժամանակ վարչապետը հայտարարել է, որ հարգանքով է վերաբերվում իշխող կոալիցիայի առանձին կուսակցությունների տեսակետներին։



