Դիվանագիտական հարաբերություններում դժգոհությունը միշտ չէ, որ արտահայտվում է հրապարակային հայտարարություններով։ Երբեմն դրա դրսևորման համար բավական է պաշտոնական միջոցառմանը ներկայացված պատվիրակության մակարդակի իջեցումը։ Այս մասին գրում է ադրբեջանական Minval-ը՝ անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի միջև առաջացած տարաձայնություններին։ Հոկտեմբերի 29-ին Բաքվում Թուրքիայի դեսպանատանը Հանրապետության օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը Ադրբեջանը ներկայացրել է թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը։ Նախորդ տարիներին նման միջոցառումներին Ադրբեջանը ներկայացրել է խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան։ Ըստ պարբերականի՝ այս տարի Անկարան ևս խախտել էր ձևավորված ավանդույթը․ մայիսի 28-ին՝ Ադրբեջանի Անկախության օրվա միջոցառմանը, Թուրքիան ներկայացրել էր ոչ թե խորհրդարանի խոսնակը կամ փոխնախագահը, այլ տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։ Minval-ի գնահատմամբ՝ Բաքուն այսպիսով Անկարային պատասխանել է դիվանագիտական փոխադարձության սկզբունքով։ Հրապարակման համաձայն՝ տարաձայնությունների մեկ այլ պատճառ է դարձել Թուրքիայի արտգործնախարարության որոշումը՝ մերժել Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ երկրի դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական կառույցները։ Նախորդ տարիներին նման խնդրանքները բավարարվել էին։ Միևնույն ժամանակ, հոկտեմբերի 29-ին Ադրբեջանի խորհրդարանի 53 անկախ և ընդդիմադիր պատգամավորներ ծաղիկներ են խոնարհել Բաքվում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հուշարձանին։ Minval-ը տեղի ունեցածը դիտարկում է որպես երկու երկրների միջև դիվանագիտական տարաձայնությունների դրսևորում՝ նշելով, որ Բաքուն նախընտրել է իր դժգոհությունն արտահայտել ոչ թե հրապարակային հայտարարություններով, այլ դիվանագիտական արարողակարգի միջոցով։



