Կասեցվել է «Աշտարակ միլկ» ընկերության կաթի մթերման կետի արտադրական գործունեությունը։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Աշտարակ միլկ» ՍՊ ընկերության՝ Լոռու մարզ, գ․ Պրիվոլնոյե, 2-րդ փողոց հասցեում գործող կաթի մթերման կետում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝ – արտադրական շինությունն ապահովված չի եղել մեխանիկական օդափոխության համակարգով, – արտադրական շինության հատակը չի ունեցել հարթ մակերես, պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, – արտադրական շինության պատերի որոշակի հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, հեշտորեն չեն մաքրվել և ախտահանվել, – բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր, – սննդամթերքի արտադրության (պատրաստման) գործընթացում օգտագործվող ջուրը, որն անմիջական շփման մեջ է գտնվել պարենային հումքի և փաթեթավորման նյութերի հետ, չի համապատասխանել ՀՀ օրենսդրութամբ սահմանված՝ խմելու ջրին ներկայացվող պահանջներին, – բոլոր սարքավորումները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ, չեն պահվել նորոգ վիճակում։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթի մթերման կետի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:



