ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցով չարտոնված երթուղիներով անցնող 2 լցանավ կանգնեցնելու մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հայտնել են, որ Հորմուզի նեղուցի հարավային ջրերում կասեցրել են երկու նավթատար լցանավի ընթացքը։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։ Կառույցի լրատվական ծառայության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ նավերն անջատել էին իրենց նավիգացիոն և տեղորոշման համակարգերը և ԱՄՆ զինված ուժերի աջակցությամբ փորձում էին դուրս գալ նեղուցից՝ օգտվելով «չարտոնված երթուղիներից»։ Ըստ հայտարարության՝ լցանավերն անտեսել են ռադիոկապով հնչած մի քանի նախազգուշացում և «մուտք են գործել վտանգավոր գոտի», ինչի հետևանքով միջադեպ է տեղի ունեցել, և նավերը կանգնեցվել են Հորմուզի նեղուցի հարավային ափին։ Հայտարարության մեջ չի հստակեցվում, թե ինչ բնույթի միջադեպի մասին է խոսքը։ ԻՀՊԿ-ն նաև նշել է, որ երկու նավերի ընթացքի կասեցումն ԱՄՆ-ի քաղաքականության և Հորմուզի նեղուցում գործող իրանական ծովային կանոնակարգերի և ընթացակարգերի լիակատար անտեսման հետևանք է: Իր հերթին, Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործառնությունների վարչության (UKMTO) տվյալներով՝ լցանավին է մոտեցել փոքր նավակ, որի անձնակազմը նավի կորպուսին ամրացրել է երկու պայթուցիկ սարք։ X-ում վարչության էջում տարածված հաղորդագրության համաձայն՝ պայթյունների հետևանքով նավի շարժիչային բաժանմունքում հրդեհ է բռնկվել, ինչի պատճառով լցանավը ժամանակավորապես դադարեցրել է ընթացքը։ Հրդեհը հաջողվել է մարել, անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել։ Շրջակա միջավայրին վնաս չի հասցվել։ Հաղորդվում է, որ ներկայում լցանավը շարունակում է շարժվել դեպի իր հաջորդ նշանակման նավահանգիստը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17059

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով