Գիտնականները բացահայտել են դինոզավրի նոր տեսակ, որը շուրջ 125 միլիոն տարի առաջ ապրել է ներկայիս Անգլիայի տարածքում, երբ տարածաշրջանը ծածկված էր ցեխոտ ճահիճներով։ Paludohadros proudlovii անվանումն ստացած դինոզավրի բրածոն հայտնաբերվել էր Անգլիայի Սուրեյ կոմսության աղյուսի արտադրամասերից մեկում՝ ավելի քան 25 տարի առաջ։ Այն պահվում էր բնության պատմության թանգարանում, սակայն երկար ժամանակ մասնագետները չէին կարողանում հստակ որոշել՝ այն իգուանոդոնների՞, թե՞ նրանց ավելի փոքր ազգակիցների խմբին է պատկանում։ Նոր ուսումնասիրությունը, որը հրապարակվել է «Journal of Systematic Palaeontology» ամսագրում, թույլ է տվել գիտնականներին առանձնացնել այն որպես առանձին տեսակ։ Դինոզավրը եղել է չորքոտանի բուսակեր՝ մոտ 5 մետր երկարությամբ և 1,5-2 տոննա քաշով, մոտավորապես ռնգեղջյուրի չափսերի։ Սակայն հետազոտողները կարծում են, որ հայտնաբերված առանձնյակը դեռ երիտասարդ է եղել և հասուն տարիքում կարող էր ավելի մեծանալ։ Տեսակի անվան առաջին մասը՝ Paludo, լատիներեն նշանակում է «ճահիճ», իսկ proudlovii անվանումը տրվել է ի պատիվ Ուիլ Փրաուդլավիի՝ աղյուսի արտադրամասի նախկին աշխատակցի, որը մահացել էր 35 տարեկանում՝ բրածոյի պեղումներից կարճ ժամանակ առաջ։



