Ռուսաստանցի հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովը Հայաստանին զգուշացնում է պետականության կորստի վտանգի մասին։ Նրա պնդմամբ՝ առանց Ռուսաստանի Հայաստանը կարող է վերածվել «իդեալական աշխարհաքաղաքական ավարի»։ Հոկտեմբերի 30-ի այս հայտարարության խորքում Մոսկվայի քաղաքական մտածողության հիմնարար հակասությունն է. Հայաստանի անկախությունը ճանաչվում է այնքանով, որքանով այն չի հակասում Ռուսաստանի տարածաշրջանային շահերին։ Այս մոտեցման հիմքում այն պատկերացումն է, որ փոքր պետության անվտանգությունը պետք է կախված լինի մեծ տերության կամքից, իսկ սեփական շահերով առաջնորդվելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու նրա իրավունքը դիտարկվի որպես սպառնալիք տարածաշրջանում հաստատված ուժային հարաբերակցությանը։ Կիսելյովի խոսքի առանցքը «ավար» բառն է։ Այն պատահական ձևակերպում չէ։ Ավարը սեփական կամք, իրավունք և քաղաքական սուբյեկտայնություն չունի։ Այն ձեռք են բերում, կորցնում կամ բաժանում։ Երբ անկախ պետության մասին օգտագործվում է այդ բառապաշարը, բացահայտվում է մտածողության մի ամբողջ համակարգ, որտեղ միջազգային հարաբերությունները դիտարկվում են ոչ թե ինքնիշխան պետությունների համագործակցություն, այլ ազդեցության գոտիների վերաբաշխում։ Այս տրամաբանության մեջ Հայաստանի անկախությունը դառնում է պայմանական արժեք. այն ընդունելի է այնքան ժամանակ, քանի դեռ չի հակասում Ռուսաստանի ռազմավարական շահերին։ Կիսելյովի պատմական ակնարկները, սակայն, հերքում են հենց իր հիմնավորումները։ XIX դարում Արևելյան Հայաստանի անցումը Ռուսական կայսրության կազմ անվտանգության որոշակի հնարավորություններ ստեղծեց, բայց չվերականգնեց հայկական պետականությունը։ 1920 թվականի խորհրդայնացումը վերջ դրեց Հայաստանի անկախությանը, իսկ 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերը ցույց տվեցին, թե ինչպես են մեծ տերությունները որոշում փոքր ժողովուրդների ճակատագրերը՝ առաջնորդվելով սեփական շահերով։ Պատմության գլխավոր դասն այն է, որ մեծ տերության հովանավորությունը կարող է որոշ վտանգներից պաշտպանել, բայց միաժամանակ պետությունը դարձնել նրա քաղաքական շահերի սպասարկման միջոց։ Հայաստանի անվտանգության ամուր հիմքը, հետևաբար, ոչ թե արտաքին ուժից կախվածությունն է, այլ սեփական պետական կարողությունների զարգացումը և ինքնուրույն որոշումներ կայացնելու ու դրանք պաշտպանելու ունակությունը։ Առավել խոսուն է վերջին տարիների փորձը։ 2020 թվականի պատերազմը տեղի ունեցավ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի պայմաններում։ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական հարձակումները չարժանացան համարժեք դաշնակցային արձագանքի, իսկ 2023 թվականին Արցախը բռնի հայաթափվեց ռուս խաղաղապահների ներկայությամբ և լուռ համաձայնությամբ։ Այս իրադարձությունները բացահայտեցին ռուսական անվտանգության համակարգի հիմնարար հակասությունը. Ռուսաստանի ռազմական ներկայությունը պահպանվեց, բայց Հայաստանի և արցախահայության անվտանգությունը չապահովվեց։ Այս իրադարձությունները չեն նշանակում, թե Ռուսաստանը կորցրել է իր տարածաշրջանային նշանակությունը։ Դրանք նշանակում են շատ ավելի կարևոր բան. Ռուսաստանի ներկայությունը և Հայաստանի անվտանգությունը նույնական հասկացություններ չեն։ Դաշնակցի աշխարհաքաղաքական ազդեցությունը դեռևս պաշտպանվածության երաշխիք չէ։ Հենց այստեղ է Կիսելյովի պնդումների գլխավոր հակասությունը։ Հայաստանին սպառնում են այնպիսի վտանգներով, որոնք Ռուսաստանը չկարողացավ կանխել անգամ իր ռազմական ներկայության և դաշնակցային պարտավորությունների պայմաններում։ Սակայն այդ ձախողումների համար պատասխանատվություն ստանձնելու փոխարեն Մոսկվան կասկածի տակ է դնում Հայաստանի՝ անվտանգության այլընտրանքային ուղիներ որոնելու իրավունքը։ Այսպիսով, անվտանգության երաշխիքների արդյունավետության հարցը փոխարինվում է քաղաքական հավատարմության պահանջով։ Անշուշտ, Հայաստանի եվրոպական հեռանկարը չի կարելի ներկայացնել որպես անվտանգության պատրաստի լուծում։ Եվրամիությանն անդամակցությունը երկարատև քաղաքական ու ինստիտուցիոնալ գործընթաց է։ Եվրոպական դիտորդական առաքելությունը ռազմական պաշտպանության մեխանիզմ չէ, իսկ արևմտյան գործընկերության խորացումը ինքնաբերաբար չի փոխարինում անվտանգային կարողություններին։ Ռուսաստանի հետ տնտեսական, էներգետիկ և հաղորդակցային կապերն էլ հնարավոր չէ անտեսել՝ առանց հետևանքները հաշվարկելու։ Բայց այդ իրողություններից չի բխում, թե Հայաստանը պետք է հրաժարվի իր արտաքին քաղաքական ընտրությունից։ Պետության անվտանգությունը չի կարող հիմնվել միայն արտաքին դաշնակցի խոստումների վրա։ Դրա իրական հիմքը մարտունակ բանակն է, մրցունակ տնտեսությունը, արդյունավետ պետական համակարգը և հավասարակշռված արտաքին քաղաքականությունը։ Հայաստանի համար խաղաղության հաստատումը, եվրոպական ինտեգրումը և պաշտպանական կարողությունների զարգացումը պետք է դառնան փոխլրացնող ռազմավարական ուղղություններ։ Հենց այստեղ է Մոսկվայի իրական անհանգստության պատճառը։ Տասնամյակներ շարունակ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության ոլորտում իր գերակշիռ դիրքը վերածել է նաև քաղաքական ազդեցության լծակի։ Այժմ այդ համակարգի վերանայումը նշանակում է ոչ միայն Հայաստանի արտաքին քաղաքական ինքնուրույնության ընդլայնում, այլև տարածաշրջանում Ռուսաստանի նախկին ազդեցության աստիճանական նվազում։ Այս տեսանկյունից Կիսելյովի հայտարարությունն ավելի շատ բացահայտում է Մոսկվայի մտավախությունները, քան Հայաստանի ապագայի իրական վտանգները։ «Աշխարհաքաղաքական ավարի» վերածվելու սպառնալիքի հետևում նկատելի է Հայաստանը սեփական ազդեցության գոտուց կորցնելու անհանգստությունը։ Ընդ որում, Հայաստանի անվտանգությունը ներկայացվում է որպես Ռուսաստանի վերահսկողության պահպանման պայման, մինչդեռ վերջին տարիների իրադարձություններն արդեն ցույց են տվել այդ տրամաբանության սահմանները։ Հայաստանի խնդիրը, սակայն, Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելը կամ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելը չէ։ Խնդիրը այնպիսի պետություն կառուցելն է, որը կարող է ինքնուրույն որոշել իր առաջնահերթությունները, պաշտպանել սեփական շահերը և համագործակցել տարբեր ուժային կենտրոնների հետ՝ առանց որևէ մեկի քաղաքական ենթակայության տակ հայտնվելու։ Կիսելյովի «աշխարհաքաղաքական ավարի» մասին ձևակերպումն, ի վերջո, բացահայտում է մեծապետական մտածողության էությունը. փոքր պետությունը դիտարկվում է ոչ թե որպես ինքնուրույն քաղաքական դերակատար, այլ որպես ազդեցության գոտի, որի պատկանելությունը կարող է փոխվել մեծ տերությունների մրցակցության արդյունքում։ Հայաստանի պատմական մարտահրավերը հենց այդ տրամաբանությունը հաղթահարելն է։ Ինքնիշխանությունը ոչ թե հովանավոր ընտրելու, այլ սեփական ճակատագիրը տնօրինելու կարողությունն է։ Իսկ իրական անվտանգությունը սկսվում է այնտեղ, որտեղ պետության գոյությունն այլևս կախված չէ որևէ արտաքին ուժի քաղաքական կամքից։



