Փարիզում բողոքի ցույցերի պատճառով հոկտեմբերի 31-ին կփակվի մետրոպոլիտենի 40 կայարան

Ֆրանսիայի մայրաքաղաքում հոկտեմբերի 31-ին սպասվող բողոքի ցույցերի պատճառով չի աշխատելու մետրոպոլիտենի 40 կայարան։ Այս մասին հայտնել է Փարիզի հասարակական տրանսպորտի ինքնավար գործակալությունը (RATP)։ Հաղորդագրությունում նշվում է, որ ոստիկանության պրեֆեկտուրայի պահանջով՝ կայարանները կփակվեն անվտանգության նկատառումներով։ Անգործության մատնվելիք կայարանների մեծամասնությունը գտնվում է Փարիզի կենտրոնում։ Դրանց մի մասն արդեն չի աշխատում, իսկ մյուսները կփակվեն օրվա ընթացքում։ Ֆրանսիայում բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվում սեպտեմբերի կեսից։ Սկզբում Փարիզի արվարձանների աշակերտներն ու ուսանողները պահանջում էին բարելավել կրթական պայմանները։ Ավելի ուշ արհմիությունների և «Դեղին բաճկոնավորների» շարժման ներկայացուցիչների կոչով նրանց են միացել գների աճից դժգոհ քաղաքացիները և ցույցերը տարածվել են Ֆրանսիայի այլ շրջաններում։ Ամենազանգվածայինն էր հոկտեմբերի 17-ին կայացած համազգային ցույցը, որը վերաճեց անկարգությունների և ջարդերի՝ ուղեկցվելով խանութների վրա հարձակումներով, հրկիզումներով և ոստիկանության հետ բախումներով։ Պաշտոնական տվյալներով՝ դրանց մասնակցել է շուրջ 550 հազար մարդ։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը խոստովանել է, որ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Նա ստանձնելով նման զարգացումների ողջ պատասխանատվությունը՝ հրաժարական էր ներկայացրել, սակայն երկրի նախագահ Էմանուել Մակրոնը չէր ընդունել այն։ Վերջինս վստահ է, որ ստեղծված իրավիճակում արտակարգ դրություն հայտարարելու հիմքեր չկան։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17123

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով