ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդեյլ քաղաքում գործող 45-ամյա բժիշկ Վիոլետա Մայլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ Medicare պետական առողջապահական ծրագրի նկատմամբ ավելի քան 45 միլիոն դոլարի խարդախության համար։ ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդմամբ՝ Մայլյանին պատկանող Healthy Way Medical Center կլինիկան Medicare-ին ներկայացրել է հազարավոր կեղծ հաշիվներ՝ բոտոքսի ներարկումների համար, որոնք իրականում չեն իրականացվել կամ բժշկական անհրաժեշտություն չեն ունեցել։ Քննությամբ պարզվել է, որ ավելի քան 19 միլիոն դոլարի ծառայություններ ձևակերպվել են այն օրերին, երբ կլինիկան փակ է եղել։ Մայլյանը կեղծ հաշիվներ է ներկայացրել նույնիսկ այն ժամանակ, երբ հանգստացել է Մեքսիկայում, Հավայան կղզիներում և այլ վայրերում։ Խարդախությամբ ստացված միջոցներով նա ձեռք է բերել անշարժ գույք, երկու Tesla ավտոմեքենա, այդ թվում՝ Cybertruck, և թանկարժեք իրեր։ Դատարանը պարտավորեցրել է Մայլյանին Medicare-ին փոխհատուցել մոտ 32,9 միլիոն դոլար։ Բացի այդ, բռնագանձման ենթակա է նրա ավելի քան 16 միլիոն դոլարի գույքը։ Մայլյանը մեղավոր է ճանաչվել ֆինանսական խարդախության ինը և քրեական հետաքննությանը խոչընդոտելու երեք դրվագներով։ Աղբյուր ՝ ԱՄՆ արդարադատության նախարարություն, 30 հոկտեմբերի, 2026 թ. United States Department of Justice



