The Wall Street Journal-ը՝ հղում անելով զրույցին ծանոթ աղբյուրներին հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շաբաթ առավոտյան հեռախոսազրույց են ունեցել՝ Իրանի դեմ հնարավոր նոր ռազմական գործողությունների ֆոնին։ Ավելի ուշ՝ Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում լրագրողների հետ զրույցում, Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դեռևս պետք է ոչնչացնի Իրանում գտնվող մեկ կամ երկու թիրախ։ «Մենք դեռ պետք է զբաղվենք մեկ կամ երկու օբյեկտով, բայց դա կարող ենք անել 10 րոպեում։ Դուք, հավանաբար, կարող եք դիտարկել Փիքաքս լեռը (Pickaxe Mountain), և դրանով պետք է զբաղվել»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Փիքաքս լեռը, ըստ արևմտյան հետախուզական ծառայությունների գնահատականների, կարող է օգտագործվել միջուկային նյութերի պահպանման համար։ Նշվում է, որ պատերազմի ընթացքում ամերիկյան ուժերը դեռևս հարվածներ չեն հասցրել այդ օբյեկտին։ Միևնույն ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները «բավականին լավ են ընթանում», թեև Թեհրանին անվանել է «ոչ այնքան վստահելի» կողմ։ Ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման ֆոնին Իրանի ներկայացուցիչները շաբաթ օրը Կատարի մայրաքաղաք Դոհայում բանակցություններ են վարել կատարցի միջնորդների հետ։ Քննարկումների նպատակն է գտնել Պարսից ծոցի տարածաշրջանում պատերազմից դուրս գալու հնարավոր ուղիներ։



