Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. Պեսկով

Մոսկվան առայժմ անհնար է համարում ռուսական գազի մատակարարումը Եվրոպա Ուկրաինայի տարածքով, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: «Առայժմ դժվար թե կարելի է խոսել այդ մասին։ Ըստ էության, տեղում ստեղծված իրավիճակն ավելի քան խոսուն կերպով վկայում է, որ այս պահին նման ծրագրերի իրականացումն անհնար է։ Իսկ թե ինչ կլինի ապագայում, կտեսնենք», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան ապագայում չի բացառում Ուկրաինայի տարածքով դեպի ԵՄ ռուսական գազի մատակարարումների վերսկսման հնարավորությունը։ Նա հավելել է, որ հետագայում դա կախված կլինի գնորդների ու վաճառողների ցանկությունից և վաճառողների հնարավորությունից: Ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրների, հայտնել էր, թե ԱՄՆ-ն առաջ է մղում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի արտահանման արագ վերականգնման գաղափարը՝ որպես հնարավոր էներգետիկ հրադադարի մաս: Ըստ պարբերականի աղբյուրների՝ այս նախաձեռնությունը սեպտեմբերին Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում ներկայացրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։ Պեսկովը նաև հայտարարել է, որ առաջնագծում գտնվող Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի միջնորդությամբ հաստատված հրադադարի օրինակով նոր հումանիտար գործողություններ առայժմ չեն նախատեսվում: «Յուրաքանչյուր կոնկրետ դեպք եզակի է: Առայժմ նման պլաններ չկան, նման նախաձեռնություններ նույնպես չկան», – ասել է ՌԴ նախագահի ներկայացուցիչը: Պեսկովը հավելել է, որ Օլեշկիում հրադադարն ուկրաինական բանակը կարող էր օգտագործել վերախմբավորվելու համար, ինչը նման իրավիճակներում «սովորական գործելակերպ է»: ՌԴ մարդու իրավունքների հարցով նահձնակատար Յանա Լանտրատովան հայտարարել է, որ ռուս-ուկրաինական տարհանման համատեղ հումանիտար առաքելության արդյունքում Օլեշկիից հեռացել է մոտ 750 մարդ: Նրանց մի մասը մեկնել է Ռուսաստան, մի մասն՝ Ուկրաինա:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17377

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով