Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հարավային Կորեան համարել է Սինոփի ատոմակայանի կառուցման «մեծ ներուժ ունեցող հավանական գործընկեր»։ Այս մասին նա հայտարարել է հարավկորեական Yonhap գործակալությանը տված գրավոր հարցազրույցում՝ Սեուլ կատարելիք պետական այցից առաջ։ Էրդողանի խոսքով՝ Թուրքիան և Հարավային Կորեան բանակցություններ են վարում Սև ծովի ափին նախատեսվող ատոմակայանի կառուցման շուրջ։ Կողմերն արդեն նախնական տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ են իրականացրել՝ Հարավային Կորեայի էլեկտրաէներգետիկ ընկերության՝ KEPCO-ի մասնակցությամբ։ Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահը նշել է, որ վերջնական որոշումը կախված կլինի էլեկտրաէներգիայի արտադրության ծախսերից, ֆինանսավորման պայմաններից, Թուրքիայի տնտեսության համար ակնկալվող օգուտներից, ինչպես նաև այլ երկրների հետ ընթացող բանակցություններից։ Անկարան, նրա խոսքով, դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակները՝ ելնելով ազգային շահերից։ Սինոփի ատոմակայանի նախագծով հետաքրքրված են նաև Ռուսաստանը, Կանադան և Չինաստանը։ 2025 թվականի նոյեմբերին KEPCO-ն և Թուրքիայի միջուկային էներգետիկայի ընկերությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ համագործակցելով տեխնոլոգիաների, տեղանքի գնահատման, լիցենզավորման և ֆինանսավորման հարցերում։



