Վրաստանի «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ ընդդիմադիր կուսակցությունների արգելման նախաձեռնությունը հիշեցնում է Ռուսաստանի քաղաքական մոդելը։ Սոցիալական ցանցերում կատարած գրառման մեջ Գախարիան նշել է, որ Վրաստանի ներկայիս վարչապետը բացահայտ հայտարարել է քաղաքական դաշտը «մաքրելու» նպատակի մասին։ «Այս սցենարը նույնական է Մոսկվայի գործողությունների ծրագրին, որտեղ ընտրական քվեաթերթիկում ներկայացված են բազմաթիվ «ընդդիմադիր» կուսակցություններ, սակայն ընտրությունները ոչ այլ ինչ են, քան պատրանք և ինքնախաբեություն։ Վրաստանում արդեն տեսնում ենք նոր կուսակցությունների ստեղծման նշաններ։ Այդ մարդիկ կա՛մ չեն գիտակցում, որ կատարում են իրենց նախապես հատկացված դերը, կա՛մ գիտակցաբար համաձայնության են գալիս ռուսամետ վարչակարգի հետ»,- գրել է Գախարիան։ Հոկտեմբերի 21-ին Վրաստանի Սահմանադրական դատարանը սկսել է հինգ ընդդիմադիր կուսակցությունների արգելման վերաբերյալ գործի քննությունը։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պահանջում է արգելել «Միացյալ ազգային շարժում», «Փոփոխությունների կոալիցիա», «Ուժեղ Վրաստան՝ Լելո», «Ֆեդերալիստներ» և «Հանուն Վրաստանի» կուսակցությունների գործունեությունը։



