Բրիտանացին ոտքով շուրջերկրյա ճանապարհորդությունն ավարտել է 28 տարում

Բրիտանացի Կառլ Բուշբին տուն է վերադարձել 28-ամյա շուրջերկրյա ոտքով կատարած ճանապարհորդությունից հետո, որի ընթացքում նա հաղթահարել է շուրջ 50 000 կիլոմետր՝ հատելով չորս մայրցամաք և 30 երկիր։ Այս մասին հաղորդում են BBC-ն, NBC News-ը և այլ լրատվամիջոցներ։ Բուշբին ճանապարհ էր ընկել 29 տարեկանում՝ 1998 թ. նոյեմբերին, Չիլիի Պունտա Արենաս քաղաքից. նա իր առջև խնդիր էր դրել ոտքով աշխարհով մեկ շրջել առանց փոխադրամիջոց օգտագործելու և տուն չվերադառնալ, մինչև չավարտեր ճանապարհորդությունը։ Ճանապարհորդության ընթացքում նա սառույցի վրայով հատել է Բերինգի նեղուցը, ինչպես նաև լողալով հաղթահարել Կասպից ծովն ու Լա Մանշի նեղուցը։ Երթուղին հաճախակի ընդհատվել է 2008 թ. ֆինանսական ճգնաժամի, COVID-19 համավարակի և այցագրեր ստանալու հետ կապված դժվարությունների պատճառով։ Գրեթե տասը տարի տևել է միայն ճանապարհի ռուսաստանյան տարածքով անցնելը։ Ճանապարհորդության ավարտին Բուշբին վերադարձել է Անգլիայի հյուսիսում գտնվող հայրենի Հալ քաղաք, որտեղ նրան դիմավորել են հարազատները, քաղաքի բնակիչներն ու ԶԼՄ-ների ներկայացուցիչները։ Բուշբիի խոսքով՝ երթուղին ավարտելուց հետո ինքը պլանավորում է կենտրոնանալ նոր նախագծերի, հանրային ելույթների և իր ուղևորությունների մասին երկրորդ գրքի վրա։ Բացի այդ, գերմանացի ռեժիսոր Վեռներ Հերցոգը վավերագրական ֆիլմ է նկարահանում նրա ճանապարհորդության մասին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17362

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով