Լավրովը քննադատել է ԵՄ-ն՝ միաժամանակ համագործակցության պատրաստակամության հայտնելով

Ուկրաինայում հրադադար հաստատելու Եվրամիության կոչերն ուղղված չեն պատերազմի դադարեցմանը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի 4-րդ միջազգային համաժողովի բարձր մակարդակի լիագումար նիստի ժամանակ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Երբ մենք լսում ենք հառաչանքներ ուկրաինական ճգնաժամի կապակցությամբ, որը Բրյուսելը վերածել է մեր երկրի դեմ պայքարի գլխավոր գործիքի, երբ հնչում են անհապաղ կրակը դադարեցնելու, էներգետիկ, պարենային, օդային և ծովային հրադադարներ կնքելու կոչեր, այդ ամենը չի արվում խաղաղության հաստատման համար։ Մենք բազմիցս համոզվել ենք դրանում», – նշել է Լավրովը։ Դիվանագետը հավելել է, որ Եվրամիությունն արագորեն վերածվում է ռազմականացված դաշինքի։ «Նրանք միանշանակ ցանկանում էին և, հավանաբար, շարունակում են ցանկանալ ԵԱՀԿ-ն վերածել իրենց շահերի, ՆԱՏՕ-ի շահերի, ինչպես նաև Եվրամիության շահերի գաղափարական սպասարկման գործիքի։ Եվրամիությունը սրընթաց կերպով սոցիալ-տնտեսական ինտեգրացիոն միավորումից վերածվում է հակառուսական և հակաբելառուսական ուղղվածություն ունեցող ագրեսիվ ռազմականացված դաշինքի», – հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը։ Նրա խոսքով՝ Բրյուսելը կոչ է անում կառուցել անվտանգության համակարգ՝ ընդդեմ Ռուսաստանի, Բելառուսի և բոլոր նրանց, ովքեր անվերապահորեն չեն ենթարկվի ՆԱՏՕ-ի անդամներին և Եվրամիության երկրներին։ Միևնույն ժամանակ Լավրովը հավելել է, որ Ռուսաստանը չի խուսափի համագործակցությունից նրանց հետ, ովքեր կհրաժարվեն թշնամական մտադրություններից։ «Մենք միշտ բաց ենք և մեր առաջարկների մասին նույնպես անկեղծորեն խոսում ենք։ Որպես քաղաքավարի մարդիկ՝ մենք, իհարկե, ոչ մեկին ոչինչ չենք պարտադրում, բայց որպես ինքներս մեզ հարգող մարդիկ՝ ոչ մեկի հետևից չենք վազի», – ասել է նա։ «Եվրասիական անվտանգության ճարտարապետության շուրջ համատեղ աշխատանքի հրավիրելով մեր գործընկերներին՝ մենք երբեք դուռը չենք փակել մայրցամաքի արևմտյան հատվածի առջև և չենք խուսափի համագործակցությունից նրանց հետ, ովքեր կհրաժարվեն թշնամական մտադրություններից, գործնականում շահագրգռված կլինեն և պատրաստակամ կլինեն համաձայնության գալ շահերի արդար հավասարակշռության շուրջ», – հավելել է Լավրովը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17490

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով