Գերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Գերմանիայի մի շարք բարձրաստիճան քաղաքական գործիչներ շնորհավորել են ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությանը, որը միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքներով հաղթանակ է տարել նախագահ Դոնալդ Թրամփի կուսակից հանրապետականների նկատմամբ՝ մեծամասնություն ստանալով Կոնգրեսի երկու պալատներում։ Այս մասին գրում է Deutsche Welle-ն։ Ըստ հրապարակման՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի՝ անդրատլանտյան համագործակցության հարցերով համակարգող Մետին Հաքվերդին հայտարարել է, որ ակնկալում է, որ ԱՄՆ միջանկյալ ընտրությունների արդյունքները զգալի ազդեցություն կունենան Բեռլինի և Վաշինգտոնի միջև քաղաքական հարաբերությունների վրա։ «Ամերիկան ընտրել է փոփոխությունը», – DPA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է նա։ Պաշտոնյան միաժամանակ ընդգծել է, որ արտաքին քաղաքականության հարցերում որոշիչ դեր կշարունակի կատարել նախագահ Թրամփը, և որ Գերմանիան կշարունակի կապեր պահպանել երկու կուսակցությունների հետ։ «Մենք հատկապես չպետք է սահմանափակենք մեր շփումները քաղաքական առանձին ճամբարներով», – հավելել է նա։ Հաքվերդին նաև ընդգծել է պատմական նշանակությունը այն փաստի, որ առաջին անգամ Նյու Մեքսիկոյի նահանգապետ է ընտրվել բնիկ ամերիկուհի, իսկ Ջորջիայի նահանգապետ՝ սևամորթ կին։ Իր հերթին, Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը շնորհավորել է դեմոկրատներին՝ նրանց հաղթանակն անվանելով «պատմական»։ Նա նաև ընդգծել է, որ Սպիտակ տան վարչակազմը չի փոխվելու, և Բեռլինը կշարունակի համագործակցել նրա հետ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17580

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով