Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստանի եվրոպական ձգտումներին աջակցելու պատրաստակամությունը կարևոր քաղաքական ուղերձ է՝ ուղղված ինչպես Թբիլիսիին, այնպես էլ Եվրամիությանը։ Վրաստանի հաջողությունը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի։ Երկու երկրների աշխարհագրական, տնտեսական և անվտանգային կապերը վաղուց նրանց ապագան դարձրել են փոխկապակցված։ Վրաստանի եվրոպական առաջընթացը կարող է ընդլայնել Հայաստանի միջազգային հաղորդակցությունները, տնտեսական հնարավորություններն ու քաղաքական ինքնուրույնությունը։ Այս առումով Փաշինյանի հայտարարությունն արտահայտում է Հայաստանի ռազմավարական շահերի կարևոր գիտակցում․ Հարավային Կովկասի եվրոպական հեռանկարը մեծապես կախված է նաև նրանից, թե ինչ քաղաքական ճանապարհ կընտրի Վրաստանը։ Հայաստանի եվրոպական հեռանկարը սերտորեն կապված է Վրաստանի քաղաքական զարգացումների հետ։ Վրաստանը Հայաստանի գլխավոր հաղորդակցական կապն է եվրոպական շուկաների հետ, իսկ նրա արտաքին քաղաքական կողմնորոշումը անմիջական ազդեցություն ունի տարածաշրջանի տնտեսական հնարավորությունների, անվտանգության միջավայրի և ուժերի հարաբերակցության վրա։ Վրաստանի եվրոպական առաջընթացը կարող է ամրապնդել նաև Հայաստանի դիրքերը՝ Հարավային Կովկասում ստեղծելով համագործակցության և զարգացման նոր հնարավորություններ։ Հայաստանն ու Վրաստանը վերջին հարյուրամյակում բազմիցս հայտնվել են պատմության նույն խաչմերուկում։ 1918 թվականին երկու հանրապետությունները անկախություն հռչակեցին փլուզվող կայսրության ավերակների վրա։ 1921 թվականին երկուսն էլ կորցրին ինքնիշխանությունը խորհրդային նվաճման հետևանքով։ 1991 թվականին անկախության վերականգնումը նրանց կրկին կանգնեցրեց պետականության կառուցման դժվարին խնդրի առաջ։ Տարբեր ճանապարհներ անցնելով՝ երկու երկրներն այսօր բախվում են նույն պատմական հարցին. ինչպե՞ս ապահովել փոքր պետության ազատությունն ու անվտանգությունը մեծ տերությունների մրցակցության պայմաններում։ Վրաստանի համար այդ հարցի պատասխանը երկար տարիներ կապվել է եվրոպական ինտեգրման հետ։ 2014 թվականին Թբիլիսին ստորագրեց Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, 2017 թվականին ստացավ առանց վիզայի ճանապարհորդելու հնարավորություն, իսկ 2023 թվականի դեկտեմբերին՝ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ Վրաստանի եվրոպական առաջընթացը, սակայն, ընդհատվեց հենց երկրի ներսում ծագած քաղաքական ճգնաժամի հետևանքով։ 2024 թվականին «Վրացական երազանքի» իշխանության որոշումները խորացրին հակասությունները Եվրամիության հետ՝ փաստացի կասեցնելով եվրոպական ինտեգրման գործընթացը։ Նույն տարվա նոյեմբերին կառավարությունը հայտարարեց մինչև 2028 թվականի ավարտը անդամակցության բանակցությունների մեկնարկը օրակարգ չբերելու մասին։ Այդ որոշումը սրեց ներքաղաքական ճգնաժամը և զանգվածային բողոքի ցույցերի պատճառ դարձավ։ Տարիներ շարունակ եվրոպական ինտեգրման ուղղությամբ առաջ շարժված Վրաստանն այսօր կանգնած է իր արտաքին քաղաքական ուղեգծի և ժողովրդավարական զարգացման շուրջ խորացող տարաձայնությունների առաջ։ Այսօր Վրաստանը Եվրոպայի հետ հարաբերություններում հայտնվել է խոր հակասության մեջ։ Հասարակության եվրոպական ձգտումը շարունակում է մնալ երկրի քաղաքական ինքնության կարևոր բաղադրիչը, մինչդեռ իշխանության որոշումները հեռացնում են Թբիլիսիին Բրյուսելից։ Նոյեմբերի 3-ին նույն բրյուսելյան համաժողովում վարչապետ Իրակլի Կոբախիձեն վերահաստատեց անդամակցության նպատակը, սակայն չներկայացրեց փակուղուց դուրս գալու համոզիչ ծրագիր։ Հայաստանի համար Վրաստանի եվրոպական հեռանկարը ռազմավարական նշանակություն ունի։ Վրաստանի տարածքով են անցնում Հայաստանը Սև ծովին, եվրոպական շուկաներին և միջազգային առևտրային ուղիներին կապող հիմնական հաղորդակցությունները։ Նրա նավահանգիստների, երկաթուղիների և ճանապարհների զարգացումն անմիջական ազդեցություն ունի հայկական ապրանքների արտահանման ծախսերի, ներդրումային գրավչության և տնտեսության մրցունակության վրա։ Եվրամիության հետ Վրաստանի ինտեգրման խորացումը կարող է արագացնել տարածաշրջանային ենթակառուցվածքների արդիականացումը, ընդլայնել առևտրային հնարավորությունները և Հայաստանը ներգրավել եվրոպական տնտեսական կապերի ավելի լայն համակարգում։ Ուստի Թբիլիսիի եվրոպական ուղեգծի շուրջ ստեղծված անորոշությունը Երևանի համար արտաքին քաղաքական մտահոգությունից բացի ունի նաև տնտեսական և անվտանգային ուղղակի հետևանքներ։ Վրաստանի եվրոպական ուղեգծի շուրջ խորացող անորոշությունն անմիջականորեն անդրադառնում է նաև Հայաստանի տարածաշրջանային դիրքերի և երկարաժամկետ շահերի վրա։ Թբիլիսիի հարաբերությունները Բրյուսելի հետ ազդում են Հարավային Կովկասի տնտեսական ինտեգրման, միջազգային ներդրումների և հաղորդակցությունների զարգացման հեռանկարների վրա։ Ժողովրդավարական հաստատությունների ամրապնդումն ու եվրոպական չափանիշների տարածումը Վրաստանում կարող են նպաստել նաև Հայաստանի տնտեսական զարգացմանն ու արտաքին քաղաքական հնարավորությունների ընդլայնմանը։ Այս փոխկապակցված շահերի գիտակցումը պետք է որոշակի բովանդակություն հաղորդի հայ-վրացական ռազմավարական գործընկերությանը՝ այն ամրապնդելով երկարաժամկետ տնտեսական և քաղաքական համագործակցության ծրագրերով։ Հայաստանի և Վրաստանի համար այս համագործակցությունն ունի նաև պատմական ու անվտանգային խոր հիմքեր։ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմը բացահայտեց Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմական ազդեցության վտանգավոր հետևանքները և փոքր պետությունների ինքնիշխանության պաշտպանության դժվարությունները։ Հայաստանի համար նույնքան ծանր դասեր դարձան 2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2022 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական հարձակումը։ Այդ իրադարձությունները բացահայտեցին Ռուսաստանի վրա հիմնված անվտանգության համակարգի խոր ճգնաժամը և Հայաստանի պաշտպանական քաղաքականության վերանայման անհրաժեշտությունը։ Երկու երկրներն էլ բախվել են արտաքին ուժերից կախվածության հետևանքներին, տարածքային ամբողջականության պաշտպանության խնդիրներին և սեփական անվտանգության ապահովման դժվարություններին։ Այս ընդհանուր պատմական իրողությունները նոր նշանակություն են հաղորդում հայ-վրացական համագործակցությանը՝ հատկապես ինքնիշխանության ամրապնդման, անվտանգության և եվրոպական ինտեգրման հարցերում։ Եվրոպական ինտեգրումը Հայաստանի և Վրաստանի համար արտաքին կախվածությունները նվազեցնելու, ինքնիշխանությունն ամրապնդելու և տնտեսական զարգացման նոր հնարավորություններ ստեղծելու հեռանկար է։ Դրա հաջողությունը, սակայն, անմիջականորեն կապված է ժողովրդավարական ինստիտուտների ամրության, անկախ դատական համակարգի, ազատ մամուլի և հաշվետու կառավարման հետ։ Վրաստանի քաղաքական ճգնաժամը ցույց է տալիս, թե ինչպես կարող են ներքին քաղաքական որոշումները վտանգել տարիներով ձեռք բերված արտաքին քաղաքական հաջողությունները։ Հայաստանը շահագրգռված է Վրաստանի եվրոպական առաջընթացով և պետք է այդ շահագրգռությունը վերածի հետևողական քաղաքականության։ Երևանի ու Թբիլիսիի համագործակցության առաջնահերթություններից պետք է դառնան սահմանային ենթակառուցվածքների արդիականացումը, Սև ծովի նավահանգիստների հետ հաղորդակցությունների զարգացումը, էներգետիկ անվտանգությունը և եվրոպական շուկաների հետ տնտեսական կապերի ընդլայնումը։ Այս ծրագրերը կարող են ամրապնդել երկու երկրների տնտեսական ինքնուրույնությունը և մեծացնել Հարավային Կովկասի միջազգային նշանակությունը։ Նոր հնարավորություններ է ստեղծում նաև հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը։ Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող է նպաստել Սև և Կասպից ծովերի միջև առևտրային կապերի զարգացմանը՝ ընդլայնելով Հայաստանի ու Վրաստանի տարանցիկ հնարավորությունները։ Այդ հեռանկարը պահանջում է փոխադարձ շահերի վրա հիմնված երկարաժամկետ համագործակցություն։ Փաշինյանի բրյուսելյան հայտարարությունը կարևոր է նաև այս տեսանկյունից։ Հայաստանը հրապարակավ ընդգծում է Վրաստանի եվրոպական հաջողության նշանակությունը սեփական ազգային շահերի համար։ Միաժամանակ Թբիլիսիի քաղաքական ճգնաժամը Երևանի համար հիշեցում է, որ եվրոպական ուղու առաջընթացը կախված է ներքին բարեփոխումների հետևողականությունից և ժողովրդավարական սկզբունքների պահպանումից։ Հայաստանի և Վրաստանի ապագան սերտորեն փոխկապակցված է։ Երկու երկրների տնտեսական զարգացումը, քաղաքական ինքնուրույնությունն ու եվրոպական ինտեգրումը կարող են ամրապնդել ամբողջ տարածաշրջանի կայունությունը։ Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա Բագրատաշենում չի ավարտվում։ Վրաստանի եվրոպական ապագան անմիջական առնչություն ունի Հայաստանի անվտանգության, տնտեսական զարգացման և աշխարհաքաղաքական հեռանկարների հետ։ Ուստի Վրաստանի եվրոպական առաջընթացին աջակցելը պետք է դառնա հայ-վրացական ռազմավարական գործընկերության երկարաժամկետ առաջնահերթություններից մեկը։



