Շվեյցարիան ռուսաստանցի գործարարներ Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին հանել է պատժամիջոցների ցանկից։ Այդ մասին վկայում է Շվեյցարիայի տնտեսական հարցերով պետական քարտուղարության (SECO) հրապարակումը։ Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո Շվեյցարիան պատժամիջոցներ էր սահմանել երկու գործարարների նկատմամբ։ Բացի այդ, սահմանափակումները վերացվել են նաև Վերնադսկու անվան Ղրիմի դաշնային համալսարանի նախկին ռեկտոր Անդրեյ Ֆալալեևի և Redbird Corporate Services Ltd ընկերության նկատմամբ։ Պատժամիջոցների ցանկից հանվել են նաև ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Յուրի Շվիտկինը և կոնստրուկտոր Ալեքսանդր Լեոնովը՝ նրանց մահվան կապակցությամբ։ Միևնույն ժամանակ, Շվեյցարիայի պատժամիջոցների ցանկը համալրվել է 254 նոր դիրքով։ Դրանց թվում են ռուսական 33 բանկ, երրորդ երկրներից մեկի ֆինանսական հաստատություն, ֆինանսական ոլորտի և կրիպտոարժույթների ծառայություններ մատուցող 17 կազմակերպություն, երրորդ երկրների հինգ ընկերություն, ինչպես նաև Ռուսաստանի չորս օդանավակայան և երկու նավահանգիստ։ Այս մասին հայտնում է SECO-ն։



