Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Վիլեգաս Մեխիասին: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Ժննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Մեքսիկայի միջև առկա համագործակցությունն ու ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում նոր ծրագրերի իրականացումը: Նա, մասնավորապես, հիշատակել է Մեքսիկայի Սինալոա համալսարանում հայագիտական առարկաների դասավանդման ծրագիրը՝ վերահաստատելով նախարարության պատրաստակամությունը՝ ապահովելու ծրագրի աջակցության շարունակականությունը: Այս համատեքստում քննարկվել են Մեքսիկայի այլ համալսարաններում ևս հայագիտական ամբիոններ բացելու, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև միջբուհական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, կրթաթոշակային ծրագրերի և ուսանողների ակադեմիական շարժունության խթանման հեռանկարները: Կարևորելով կրթության ոլորտում կայուն համագործակցությունը՝ կողմերն անդրադարձել են նաև Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանը: Դեսպան Էդուարդո Վիլեգաս Մեխիասը բարձր է գնահատել հայկական փորձն ու Թորմո մոդելի ներդրումը Մեքսիկայի կրթական համակարգում: Նա առանձնակի կարևորել է նաև գիտության և նորարարության ոլորտներում կապերի ամրապնդումն ու համատեղ նախագծերի իրականացումը: Անդրադարձ է եղել նաև մշակույթի ոլորտում ժառանգության հանրահռչակման և մշակութային արժեքների պահպանման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրագործմանը, ընդգծվել է ժամանակակից արվեստի ոլորտում ևս ակտիվ փոխգործակցումը՝ ցուցահանդեսների, մշակութային միջոցառումների անցկացման ձևաչափով: Քննարկում է ծավալվել սպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ՝ մասնավորապես կարևորելով տարբեր մրցաշարերին մարզիկների մասնակցությունը։ Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:



