Պուտինի շքանշանը. ի՞նչ են սովորեցնում Հայ-ռուսական համալսարանում

Հայ-ռուսական համալսարանի պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը Կրեմլում ՌԴ նախագահի ձեռքից Բարեկամության շքանշան է ստացել՝ շնորհակալություն հայտնելով հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանն աջակցելու համար։ Այս պարգևատրումը Հայաստանի համար լուրջ հարցեր է առաջացնում։ Խոսքը Հայաստանում գործող, պետական ֆինանսավորմամբ համալսարանի ղեկավարի մասին է, որը պետական պարգև է ընդունում մի երկրի նախագահից, որի ղեկավարած պետությունը Հայաստանի անվտանգության համար վճռորոշ պահերին չի կատարել իր դաշնակցային պարտավորությունները՝ ծանր հետևանքներ թողնելով մեր երկրի անվտանգության և պետական շահերի վրա։ Ի՞նչ են սովորեցնում Հայ-ռուսական համալսարանի ուսանողներին Ռուսաստանի քաղաքականության, Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի, Արցախի հայաթափման և Ուկրաինայի դեմ պատերազմի մասին։ Ինչպե՞ս են բացատրում Մոսկվայի պատասխանատվությունը Հայաստանի անվտանգության համար վճռորոշ իրադարձություններում։ Ի՞նչ վերաբերմունք է ձևավորվում Հայաստանի ինքնիշխանության և եվրոպական ապագայի նկատմամբ։ Այս հարցերը պահանջում են լուրջ ուսումնասիրություն։ Անհրաժեշտ է պարզել՝ ինչ արժեքներ են փոխանցվում ուսանողներին, ինչ քաղաքական պատկերացումներ են ձևավորվում կրթական ծրագրերի միջոցով, և որքանով է համալսարանի գործունեությունը համապատասխանում Հայաստանի պետական շահերին։ Կրեմլում հանձնված շքանշանը նոր կարևորություն է հաղորդում այդ ուսումնասիրությանը։ Պարգևատրողը Վլադիմիր Պուտինն է։ Նրա նկատմամբ Միջազգային քրեական դատարանը 2023 թվականին ձերբակալման օրդեր է տվել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղահանման և տեղափոխման ենթադրյալ ռազմական հանցագործությունների առնչությամբ։ Ռուսաստանը գտնվում է միջազգային լայնածավալ պատժամիջոցների տակ և շարունակում է Ուկրաինայի դեմ պատերազմը։ Այս պայմաններում Կրեմլի պետական պարգևն ընդունելը նաև հանրային պատասխանատվության հարց է։ Առավել ևս՝ Հայաստանում գործող կրթական հաստատության ղեկավարի համար։ Պարգև Ավետիսյանի կենսագրությունը նույնպես ուսումնասիրության կարիք ունի։ Նա 2007 թվականին դոկտորական ատենախոսություն է պաշտպանել ԱՊՀ միասնական կրթական տարածքի ձևավորման վերաբերյալ, մասնակցել է հետխորհրդային երկրներում ռուսական կրթական ծառայությունների արտահանման ծրագրի մշակմանը։ Առավել ուշագրավ է համալսարանի 2026 թվականի ընդունելության կանոնների բովանդակությունը։ Դրանցում ներառվել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին մասնակցած անձանց և նրանց երեխաների համար ռուսական օրենսդրությամբ նախատեսված արտոնությունները։ Պատերազմը կոչվում է Կրեմլի պաշտոնական ձևակերպմամբ՝ «հատուկ ռազմական գործողություն»։ Արդեն այս փաստը պահանջում է պարզաբանում։ Ինչպե՞ս է Հայաստանում գործող համալսարանի ընդունելության քաղաքականությունը առնչվում Ռուսաստանի ռազմական առաջնահերթություններին։ Ի՞նչ իրավական հիմքով և ինչ ծավալով են կիրառվում այդ արտոնությունները։ Մտահոգիչ է համալսարանի գործունեությունը կարգավորող նոր միջպետական համաձայնագրի ռուսական վավերացման բացատրական փաստաթղթում ամրագրված նպատակը՝ Հայաստանում Ռուսաստանի դրական հեղինակության ամրապնդումը։ Այս ձևակերպումը լուրջ հարցեր է առաջացնում համալսարանի իրական առաքելության վերաբերյալ։ Ի՞նչ հեղինակության մասին է խոսքը։ Հայաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորությունները խախտած, վճռորոշ պահին նրան մենակ թողած, 2022 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայի ժամանակ օգնության չհասած, 2023 թվականին իր խաղաղապահների ներկայությամբ Արցախի հայաթափումը չկանխած և իր գործողություններով ու անգործությամբ այդ ողբերգության համար պատասխանատվության ծանր բաժին կրող Ռուսաստանի՞։ Ինչպե՞ս է Հայաստանի պետական մասնակցությամբ գործող համալսարանը համատեղում այդ երկրի հեղինակության ամրապնդման նպատակը Հայաստանի ազգային շահերի, անվտանգության և ինքնիշխանության պաշտպանության սկզբունքների հետ։ Խոսքն արդեն Հայաստանի կրթական ինքնիշխանության և երկրի ապագա սերունդների աշխարհայացքի ձևավորման վրա օտար պետության քաղաքական ազդեցության մասին է։ Ռուսաստանը տասնամյակներ շարունակ Հայաստանում իր ազդեցությունը պահպանել է ռազմական ներկայության, տնտեսական կախվածության, տեղեկատվական և մշակութային կապերի միջոցով։ Կրթական համակարգը նույնպես այդ ազդեցության կարևոր բաղադրիչներից է։ Համալսարաններում ձևավորվում են ապագա մասնագետների քաղաքական պատկերացումները, պատմության ընկալումը, պետության և հասարակության նկատմամբ վերաբերմունքը։ Այդ միջավայրում փոխանցվող արժեքները կարող են երկար տարիներ ազդեցություն ունենալ երկրի հանրային կյանքի և պետական կառավարման վրա։ Հայաստանի եվրոպական ինտեգրման պայմաններում այս խնդիրը ստանում է առանձնահատուկ նշանակություն։ Երկիրը փորձում է վերանայել անվտանգության նախկին համակարգը, ամրապնդել ինքնիշխանությունը, ընդլայնել միջազգային կրթական և գիտական կապերը։ Այդ գործընթացում անհրաժեշտ է հասկանալ՝ ինչ աշխարհայացք է ձևավորում ռուսական պետական մասնակցությամբ գործող համալսարանը։ Ի՞նչ են ուսանողներին սովորեցնում Ուկրաինայի դեմ պատերազմի, Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի, Արցախի հայաթափման և այդ իրադարձություններում Մոսկվայի պատասխանատվության մասին։ Ինչպե՞ս են ներկայացվում Հայաստանի եվրոպական հեռանկարը և Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականությունը։ Այս ամենը պահանջում է անկախ և հրապարակային ուսումնասիրություն։ Պետք է գնահատել համալսարանի ուսումնական ծրագրերը, դասագրքերը, դասավանդման բովանդակությունը, ֆինանսավորման աղբյուրները և ռուսական պետական կառույցների հետ իրականացվող նախագծերը։ Առանձին ուսումնասիրության է արժանի Պարգև Ավետիսյանի ղեկավարած գիտակրթական ծրագրերի բովանդակությունը։ Անհրաժեշտ է պարզել՝ արդյոք համալսարանում ապահովված են ակադեմիական ազատությունը, պատմական իրադարձությունների անկաշկանդ քննարկումը և քաղաքական բազմակարծությունը։ Հայաստանը շահագրգռված է ռուսաց լեզվի, գրականության և գիտության ուսումնասիրությամբ, միջազգային ակադեմիական համագործակցության զարգացմամբ։ Սակայն Հայաստանում գործող որևէ համալսարանի կրթական գործունեություն չի կարող ծառայել օտար պետության քաղաքականության քարոզչական արդարացմանը։ Պետությունը պարտավոր է ապահովել կրթական ծրագրերի թափանցիկությունը, իսկ հաստատված քարոզչական չարաշահումների դեպքում կիրառել օրենքով նախատեսված սահմանափակումները՝ պահպանելով ակադեմիական ազատության երաշխիքները։ Կրեմլում հանձնված շքանշանը Հայաստանի համար առիթ է վերանայելու կրթական ինքնիշխանության նկատմամբ պետության քաղաքականությունը։ Երկիրը չի կարող շարունակել իր կրթական հաստատությունների գործունեությունը գնահատել միայն դիպլոմների, գիտական ծրագրերի և միջազգային համագործակցության ցուցանիշներով։ Կարևոր է նաև այն մտավոր ու քաղաքական միջավայրը, որի ազդեցությամբ ձևավորվում են ապագա մասնագետները։ Հայաստանի կրթական համակարգում որևէ օտար պետության քաղաքական հեղինակությունը չի կարող գերակայել Հայաստանի պետական շահերի նկատմամբ։ Համալսարանի առաքելությունը գիտելիք փոխանցելն է, ազատ միտք ձևավորելը և երկրի զարգացմանը ծառայելը։ Այդ սկզբունքը պետք է գործի Հայաստանի բոլոր համալսարաններում՝ անկախ դրանց հիմնադիրներից, ֆինանսավորման աղբյուրներից և միջազգային կապերից։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17718

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով